«Անելու ենք ամեն հնարավոր ու անհնարին բան, որպեսզի նրանց սոցինտեգրացիան տեղի ունենա հնարավորինս անխոչընդոտ»
Երևանի 2800-ամյակին նվիրված հերթական միջոցառումներից մեկը ներառական էր. մասնակիցները արյան քաղցկեղ ունեցող, մտավոր և ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող, ինչպես նաև անապահով ընտանիքի երեխաներն էին: «Փիփլ» խնամքի ծառայության էկո ստարտափի տնօրեն Ավետիս Վարոսյանը նշեց, որ միջոցառման մասնակից երեխաները տարբեր կենտրոններից են, ինչպիսին են՝ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնը, «ՍՕՍ- Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը, «Լուսավոր Հայաստան» բարեգործական հիմնադրամը, «Հայ ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը, Երևանի լսողության խանգարումներ ունեցող հատուկ կրթահամալիրը, արյունաբանական կենտրոնի երեխաները և անապահով ընտանիքների երեխաները: Ավետիս Վարոսյանը նշեց, որ ամեն ինչ արել են, որպեսզի երեխաներին ուրախացնեն և հաճելի ժամանակ պարգևեն: «Մենք որոշեցինք միջոցառումը ամբողջությամբ նվիրել երեխաներին և նրանց հետ կիսել Երևանի տոնը: Ներառական երեխաները միշտ լինելու են մեր ուշադրության կենտրոնում, անելու ենք ամեն հնարավոր ու անհնարին բան, որպեսզի նրանց սոցինտեգրացիան տեղի ունենա հնարավորինս անխոչընդոտ»: Միջոցառման մասնակից երեխաները նշեցին, որ լավ ու ուրախ ժամանակ են անցկացնում: Փոքրիկ Վիկտորյա Գրիգորյանին դուր էր եկել շան հետ ծաղրածուի համարը: «Ես կենդանիներ շատ եմ սիրում, զոոպարկ ա իմ տանը»: Գասպարյան Աստղիկն էլ նշեց, որ անմոռանալի ժամանակ է անցկացնում ընկերների հետ: «Ինձ հաճելի է, որ ես այստեղ եմ գտնվում, որովհետև ամեն ինչ շատ լավ է անցնում ու հետաքրքիր»: «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի մանկավարժ Մելանյա Մինասյանն էլ նշեց, որ նման միջոցառումների կարիքը շատ կա և գովելի է, որ կան կենտրոններ, որոնք հատուկ խնամք ունեցող երեխաներին օգնություն են ցուցաբերում: «Սպասելիքներն էլ ավելի արդարացված են, երեխաները շատ ուրախ են, երեխաների գոյությունն ու ուրախությունը մեզ համար չափանիշ է»,- ընդգծեց Մելանյա Մինասյանը: