Իգոր Անգելովսկի. Պարտությունը Հայաստանի հավաքականին կարող է ավելի մոտիվացնել
«Մենք ուշադրություն չենք դարձրել Հայաստանի կրած վերջին պարտության վրա: Վաղվա խաղում հիմնականում կենտրոնանալու ենք մեր խաղի վրա. Ջիբրալթարից կրած պարտությունը կարող է ավելի շատ մոտիվացնել Հայաստանի հավաքականին, որը կփորձի ավելի լավ խաղ ցուցադրել վաղը», - ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի Հայաստան – Մակեդոնիա հանդիպման առթիվ այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում այսպես սկսեց ելույթը մակեդոնացիների գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին: Մրցակցի մարզիչը խոսեց նաև իր թիմի հաջող ելույթների մասին: Նա մասնավորապես ասաց. «Մենք դեռ չենք մտածում Եվրո-2020 եզրափակիչ փուլ մտնելու մասին, քանի որ շատ հեռու ենք այդ խնդրից: Մեր բոլոր մտքերը կապված են վաղվա խաղի հետ, որում նույնպես ցանկանում ենք լավ արդյունքի հասնել», - եզրակացրեց մակեդոնացի մասնագետը: Հավելենք, որ Հայաստան – Մակեդոնիա հանդիպումը տեղի է ունենալու վաղը, հոկտեմբերի 16-ի, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20.00-ին: