«Բանանցն» ու «Լոռի ՖԱ»-ն հաղթեցին եւ շրջանցեցին առաջատար «Փյունիկին»
Այսօր միաժամանակ սկսած հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրը: Մրցաշարի առաջատար «Փյունիկին» հետապնդող Երեւանի «Բանանցը» սեփական դաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Արցախի» նկատմամբ: Հանդիպման 37-րդ րոպեին հյուրերի խաղացող Էմիլ Եղիազարյանի խփած գոլին տանտերերը պատասխանեցին Իգոր Ստանոյեւիչի եւ Սոլոմոն Ուդոյի դիպուկ հարվածներով, ընդ որում հաղթական գնդակը գրանցվեց 90+2-րդ րոպեին: Վանաձորի «Լոռի ՖԱ» թիմը, որը նույնպես առաջատարներից մեկն է, իր հարկի տակ վստահ հաղթեց «Շիրակին»: Տանտերերի ավագ Արտյոմ Խաչատուրովը նախ 12-րդ րոպեին բացեց հաշիվը: Ընդմիջումից հետո Սանդի Ինուսան 61-րդ րոպեին կրկնապատկեց այն, իսկ 71-ին Ջոնել Դեսիրեն հաշիվը դարձրեց 3:0: Հանդիպման վերջում «Շիրակին» հաջողվեց խփել հեղինակության միակ գոլը. 82-րդ րոպեին աչքի ընկավ Արամ Մուրադյանը: Այդպիսով, «Բանանցն» ու «Լոռի ՖԱ»-ն վաստակեցին 20-ական միավոր եւ երկու միավորով առաջ անցան «Փյունիկից», որն այսօր իր հարկի տակ հանդիպելու է 4-րդ տեղում ընթացող «Ալաշկերտի» հետ: