Հայաստանի շախմատի հավաքականները նոր հաղթանակներ տարան օլիմպիադայում
Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր տեղի ունեցան 9-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշովվ հաղթեց մրցաշարի ֆավորիտներից մեկին՝ Հնդկաստանի ընտրանուն: Վիշվանաթան Անանդ - Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան – Պենտալա Հարիկրիշնա եւ Բաշկարան Ադհիբան - Հրանտ Մելքումյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, իսկ ահա Հայաստանի գործող չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով պարտության մատնեց Կրիշնան Սաշիկիրանին եւ հաղթանակ պարգեւեց իր թիմին: Հայաստանի հավաքականը վաստակեց 15 միավոր եւ այժմ երեք երկրների թիմերի հետ բաժանում է 2-5-րդ տեղերը: Աղյուսակը միանձյա գլխավորում է Լեհաստանի ընտրանին, որը այսօր հաղթեց ԱՄՆ-ի հավաքականին եւ վաստակեց 16 միավոր: Կանանց օլիմպիադայում Հայաստանի ընտրանին 3:1 հաշվով վստահ հաղթեց Իրանի ազգային թիմին: Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը սպիտակներով հաղթեցին, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանը սեւերով ոչ-ոքի խաղացին: Այս հաղթանակից հետո մեր ընտրանին վաստակեց 15 միավոր եւ միացավ օլիմպիադայի միանձնյա առաջատար Չինաստանին հետապնդող ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի հավաքականներին: Վաղը տեղի կունենա նախավերջին՝ 10-րդ տուրը: Հայաստանի հավաքականների մրցակիցները հայտնի կդառնան 9-րդ տուրի հանդիպումների ավարտից հետո: