Փաշինյանը դուրս եկավ խորհրդարանից (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավարտեց բանակցությունները խորհրդարանական ուժերի հետ: Արդյո՞ք հայտարարի եկաք,- հարցրին լրագրողները միջանցքում: Նիկոլ Փաշինյանը խոստացավ այդ մասին խոսել ժողովրդի առաջ: Դրսում մարդիկ վանկարկում են Նիկոլ-Նիկոլ: Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ ինչպես սեպտեմբերի 21-ին բացվեցին Բաղրամյան 26-ի դռները ժողովրդի առջեւ , այդպես էլ այսօր՝ ԱԺ դռները: Դուխներդ տե՞ղն է, դուք հաղթել եք,- ասաց արդեն Նիկոլ Փաշինյանը դրսում հավաքվածներին՝ խոստանալով պատմել՝ ինչ եղավ ներսում: Կրկին նա խնդրեց՝ վիրավորանքներ չօգտագործել պատգամավորների հասցեին՝ դրանով տարբերվելով նախորդ իշխանություններից: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Աժ պատգամավորների հետ քննարկել են ճգնաժամից դուրս գալու ելքերը: Միակ ելքը Նիկոլ Փաշինյանը համարել է մոտ օրերս իր հրաժարականը: Իհարկե, չի բացառվում, որ մյուս խմբակցությունները վարչապետի թեկնածու առաջադրեն հրաժարականից հետո, բայց նրանք, ըստ Փաշինյանի, պետք է գիտակցեն, որ այդ այնքան էլ խելամիտ սցենար չի լինի, քանի որ մարդկանց շրջանում կառաջացնի մեղմ ասած՝ վատ արձագանք: Նիկոլ Փաշինյանը առաջարկել է ստորագրել փաստաթուղթ, որ երբ հրաժարական տա ինքը, որեւէ մեկին չեն առաջադրի , եւ արդյունքում դեկտեմբերին կլինեն նոր ընտրություններ: Խմբակցություններն ասել են,ո ր անկախ հուշագրի ստորագրումից, չեն պատրաստվում թեկնածու առաջադրել : Ես, համենայնդեպս, այսպես ընկալեցի, -ասաց Նիկոլ Փաշինյանը, – բայց եթե սխալ եմ ընկալել, թող այդ մասին ասեն նրանք իրենց հարցազրույցներում: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե որն է հրատապ ընտրությունների անհրաժեշտությունը: Կա քաղաքական ճգնաժամ, քանի որ խորհրդարանը չի արտացոլում երկրում առկա տրամադրությունները, ուստի պետք է ձեւավորվի նորը: Փաշինյանը հայտնեց, որ պատգամավորներին ասել է, որ ընտրությունները պետք է լինեն դեկտեմբերի առաջին կեսին, ոչ թե մայիսին, քանի որ քաղաքական ճգնաժամը սրվում է ու արտահերթ ընտրությունների պահանջը օդում կախված է: Դեկտեմբերից ավելի շուտ, ըստ նրա, հնարավոր չեն կազմակերպել այդ ընտրությունները: Այսօր լուծեցինք հետեւյալ քաղաքական խնդիրը. արտահերթ ընտրությունների անցկացումը համազգային պահանջ է, եւ ովքեր դեմ կգնան, ուղիղ պատերազմ են հայտարարում ժողովրդին,-ասաց նա՝ պնդելով, այս ամենը ընկալվել է ՀՅԴ եւ Ծառուկյան գործընկերների կողմից, բայց բանավոր եւ գրավոր համաձայնություն չկա: Ըստ նրա՝ շփումները շարունակվելու են: Բայց հստակ է մի բան՝ ընտրությունները պետք է տեղի ունենան շուտափույթ: Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտնեց, որ մտադիր է մեկնել Ֆրանսիա եւ մասնակցել Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը, որին կմասնակցի նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Վերջինս հիմա Նյու-Յորքում է: Նիկոլ Փաշինյանը ասաց, որ հեռախոսազրույց է ունեցել նրա հետ, եւ վստահ է, որ նա ժողովրդի դեմ չի գնա: Նա հավելեց, որ չի որոշել , թե կոնկրետ, երբ հրաժարական կտա, քանի որ առջեւում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն է: Սակայն նաեւ հիշեցրեց, որ իբրև պաշտոնակատար էլ կշարունակի աշխատել: Նիկոլ Փաշինյանը համարեց, որ այսօրվա անելիքը գերազանց է կատարվել: Ներկաները ծափերով ողջունեցին ոստիկանության ծառայողներին, ԱԱԾ, ՊՊԾ աշխատակիցներին, զինծառայողներին՝ Փաշինյանի առաջարկով: Քաղաքացիներից մեկի առաջարկով էլ՝ բուռն ծափերով հարգեցին Շառլ Ազնավուրի հիշատակը, որից հետո սկսվեց երթ: