Airbus-ի ուղղաթիռները հնարավոր է հայտնվեն ԱԻՆ-ում
Սեպտեմբերի 27-ին ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպում ունեցավ աշխարհահռչակ Airbus ընկերության մաս հանդիսացող Airbus helicopters ընկերության ներկայացուցիչների հետ: Ընկերությունը զբաղվում է ուղղաթիռների արտադրությամբ և վաճառքով, ինչպես նաև դրանց ընթացիկ սպասարկմամբ: ԱԻ նախարարի հետ հանդիպման ընթացքում ընկերության ներկայացուցիչները ներկայացրին իրենց ուղղաթիռները, որոնք հարմարեցված են դժվարամատչելի տեղանքներում փրկարարական աշխատանքների իրականացման, հրդեհաշիջման, տուժածներին առաջին բուժօգնության ցուցաբերման և արագ տեղափոխման համար: Նախարար Ռոստոմյանը, հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները, հետաքրքրվեց լեռնային հատվածներում ուժեղ քամու, ցածր ջերմաստիճանի պայմաններում ուղղաթիռների աշխատանքային, ինչպես նաև քաղաքային պայմաններում վայէջք կատարելու հնարավորությունների մասին: Airbus helicopters ընկերության ներկայացուցիչները մանրամասն ներկայացրին իրենց արտադրած ուղղաթիռների աշխատանքային հնարավորությունները և տեխնիկական բնութագիրը: Շնորհիվ իրենց փոքր չափերի, ուղղաթիռները հնարավորություն ունեն վայրէջք կատարել հնարավորինս փոքր ազատ մակերես ունեցող տարածքներում, աշխատել բարձր լեռնային գոտիներում, ցածր ջերմաստիճանի և ուժեղ քամու պայմաններում: Ուղղաթիռների տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս շատ արագ, առանց ժամանակի էական կորստի պատրաստվել թռիչքի և հասնել դեպքի վայր, որը շատ էական է արտակարգ իրավիճակների արձագանքման ժամանակ: Հրաչյա Ռոստոմյանը հանձնարարեց Airbus helicopters ընկերության ներկայացուցիչների հետ շարունակել քննարկումները ուղղաթիռների տեխնիկական հնարավորությունների, ինչպես նաև դրանց ձեռքբերման նպատակահարմարության և պայմանների շուրջ: