A
A
Արթուր Գեւորգյանը դժգոհ է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի գործելաոճից (տեսանյութ)
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը, իր ֆեյսբուկյան էջում հանդես է եկել հայտարարությամբ, որում հիմնականում անդրադարձել է օրերս ստեղծված բռնցքամարտի նոր ֆեդերացիային: Հայտարարությունը ստորև. Հարգելի հայրենակիցներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ և լրագրողներ, վերջին ժամանակներում բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի շուրջ ստեղծված արհեստածին լարվածության շուրջ ցանկանում եմ մի քանի նկատառում ներկայացնել, այսպես.
- «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԿ-ն ստեղծվել է տարիներ առաջ և արդեն իսկ ձևավորված ավանդույթներից բացի, մեծ հեղինակություն է վայելում նաև բռնցքամարտի միջազգային հեղինակավոր կառույցներում:
- Փաստացի մի քանի օր առաջ Ֆեդերացիան ևս մեկ անգամ ապացուցեց իր բարձր կարգը Թուրքիայում ընթացող հեղինակավոր մրցաշարի ժամանակ, զբաղեցնելով թիմային պատվավոր 3-րդ հորիզոնականը:
- Ֆեդերացիայում, ինչպես յուրաքանչյուր հեղինակավոր կառույցում, կարող են լինել խնդիրներ:
- Ֆեդերացիան իր անդամների և բռնցքամարտի ներկայացուցիչների համար միշտ բաց է եղել քննարկումների, խնդիրների լուծման համար:
- Ինչպես հայտնի է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը փորձել և փորձում է տոտալ վերահսկողություն իրակացնել բոլոր ֆեդերացիաների նկատմամբ:
- Բռնցքամարտի Ֆեդերացիան նույնպես անմասն չմնաց նման փորձերից:
- Ֆեդերացիան մասնատելու փորձն անհաջողության մատնելուց հետո վերջինս փորձեց որոշ դժգոհ ներկայացուցիչների միջոցով (ի դեպ, նրանցից շատերը ֆեդերացիայից հեռացվել են օբյեկտիվ և հիմնավոր պատճառներով, օրինակ աղջիկ մարզիկին հայհոյելու, հարվածելու և այլն) ժողով կազմակերպել և հայտարարել, թե իբր նա կարող է ֆեդերացիան չճանաչել, ՀԱՕԿ-ը հանդիսանում է ֆեդերացիան հաստատողը (անհասկանալի իրավական ձևակերպումներ) և ՀԱՕԿ-ը, որ ֆեդերացիային ճանաչեց, այն ֆեդերացիան էլ ԱԻԲԱ-ն է ճանաչելու, ՀԱՕԿ-ը պետք է ստորագրի և ճանաչի, թե որ ֆեդերացիային է տեղ տալիս (տեսաձայնագրությունն առկա է):
- Դրանից հետո անհասկանալի նամակ ստացանք սպորտի նախարարությունից, որտեղ գրված էր, թե իբր ֆեդերացիայի անդամները բողոքում են, բայց գրված չէր ինչն են բողոքում, ինչից են դժգոհ:
- Պատասխան նամակով արձագանքեցի, որ չենք բացառում բողոք լինի, բայց բողոքին ընթացք տալու համար պետք է հասկանանք բողոքի բովանդակությունը: Առաջարկեցինք ֆեդերացիայի ներսում կազմակերպել բաց քննարկումներ, և հայտնեցինք, որ ցանկացած բարձրացված խնդիր պատրաստ ենք քննարկել և լուծումներ գտնել:
- Այս առաջարկս և նախարարության և «բողոքողների» կողմից անարձագանք մնաց:
- Հետևություն. իրական բողոք լինելու դեպքում առնվազն բողոքի բովանդակությունը կբացահայտվեր:
- Ֆեդերացիայի և մարզիկների վերջին հաջողությունների ֆոնին կոմիտեն և ՀԱՕԿ-ը դիմեցին ամենավտանգավոր և անհեթեթ քայլին՝ ստեղծեցին նոր անվանմամբ ֆեդերացիա, որի անվանումը շփոթության աստիճան նման է ֆեդերացիայի անվանմանը:
- Ելույթ ունեցան, իբր Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիան՝ ԱԻԲԱ-ն այսուհետ կճանաչի իրենց ֆեդերացիան:
- ԱԻԲԱ-ն արդեն իսկ ճանաչում է ֆեդերացիան և ես՝որպես ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, առաջադրված թեկնածու եմ ԱԻԲԱ-ի գործադիր մարմնի ընտրությանը:
- Մի պահ պատկերացնենք, որ ամեն տարի, կամ ամեն մի քանի տարին մեկ մարզաշխարհի ղեկավարությունը փոխվում է, ինչ է նշանակում, յուրաքանչյուր նոր ղեկավար պետք է նոր ֆեդերացիա հիմնադրի, սա ուղղակի աբսուրդի ժանրից է և բռնցքամարտի աշխարհին օտար մի երևույթ:
- Ենթադրենք վաղը մեկ այլ անձի կողմից հիմնադրվում է ֆեդերացիա, որի անվանումը նույնն է, ուղղակի բառերի տեղերն են փոխվում, արդյո՞ք պետք է նոր ֆեդերացիան հովանավորողները հասնեն նրան, որ նորը միջազգային հարթակներում հանդես գա: