Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր շախմատիստները միայն մեկ հաղթանակ տարան աշխարհի առաջնության տուրում

Սպորտ
a1chess-junior-1

Թուրքիայում ընթացող մինչեւ 21 տարեկան շախմատի աշխարհի առաջնությունում կայացան 6-րդ տուրի պարտիաները: Հայաստանի 5 պատվիրակներից հաղթանակ տարավ միայն գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը, որը սպիտակներով առավելության հասավ ինդոնեզացի Նովենդրա Պրիասմորոյի նկատմամբ: Մեր շախմատիստը վաստակեց 4,5 միավոր եւ հավասարվեց իր հայրենակից Արամ Հակոբյանին, ով այս տուրում միավորը կիսեց Մոնղոլիայի ներկայացուցչի հետ: Նրանք առայժմ մեկ միավորով հետ են մնում առաջնության երկու առաջատարներից եւ այժմ բաժանում են 7-23-րդ տեղերը: Այսօր կայանալիք 7-րդ տուրում մեր շախմատիստները մրցելու են Գերմանիայի պատվիրակների հետ: Արամ Հակոբյանը սպիտակներով կմրցի գրոսմայստեր Ալեքսանդր Դոնչենկոյի հետ, իսկ Մանուել Պետրոսյանը սեւերով կհանդիպի գրոսմայստեր Դմիտրի Կոլարսին: Մեր մյուս երկու շախմատիստները՝ Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը, հերթական միավորները կորցրին ընթացիկ տուրում եւ դուրս մնացին մեդալների համար պայքարից: Աղջիկների առաջնությունում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը 6-րդ տուրում ոչ-ոքի խաղաց գերմանուհի Ֆիոնա Սիբերի հետ եւ այժմ 4 միավորով զբաղեցնում է 15-րդ տեղը: Այսօր մեր շախմատիստուհին սպիտակներով կհանդիպի ադրբեջանուհի Գովհար Բայդուլաեւայի հետ: