Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շուրջ 400 ընտանեկան բռնության դեպք է արձանագրվել երկու ամսվա ընթացքում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
0409VO.OSrCE_01

Սեպտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանը գոհունակություն հայտնեց Եվրոպայի Խորհրդի հետ սերտ համագործակցության կապակցությամբ և նշեց, որ գործընկերությունը դրական արդյունքներ է արձանագրել հասարակական կարգի պահպանման, թրաֆիքինգի, կիբերհանցավորության դեմ պայքարի և մի շարք այլ ոլորտներում: Մասնավորապես, աշխատանքի առաջավոր փորձի յուրացման նպատակով կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ, հրատարակվել են ուսումնական ձեռնարկներ և այլն: Նատալիա Վուտովան նշեց, որ Հայաստանի Հանրապետության հետ Եվրոպայի Խորհրդի համագործակցությունը միշտ եղել է բարձր մակարդակի վրա, իսկ ներկայումս գործընկերությունն ավելի դինամիկ է: Ինչ վերաբերում է ոստիկանության գործունեությանը, ապա ակնհայտ է ոստիկանության դերի փոփոխությունը կոռուպցիայի, ընտանեկան բռնությունների դեմ պայքարում և մի շարք այլ ոլորտներում: Վալերիյ Օսիպյանն ընդգծեց, որ ոստիկանության որդեգրած քաղաքականության արդյունքներն արդեն իսկ արտահայտվում են ոստիկանության հանդեպ քաղաքացիների վերաբերմունքի փոփոխությամբ, իսկ ինչ վերաբերում է ընտանեկան բռնությունների դեմ պայքարին, ապա համապատասխան օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, երկու ամսվա ընթացքում արձանագրվել է այդպիսի շուրջ 400 դեպք, և աշխատանքն այդ ուղղությամբ ողջ ծավալով շարունակվում է: Նատալիա Վուտովան հավաստիացրեց, որ Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը և աջակցությունը ոստիկանությանն իր քաղաքականության իրագործման ուղղությամբ կշարունակվի ու կխորանա: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: