ԵՄ հետ վիզաների ազատականացման հարցում հստակ հավաստիացումներ ենք ստացել. ԱԳՆ մամուլի խոսնակ (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպմանը Հայաստանը ստացել է գերմանական կողմի հստակ հավաստիացումները ԵՄ հետ վիզաների ազատականացման հարցում: Այս մասին ճեպազրույցին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Գերմանիայի կանցլերի այցի արդյունքները: Նա հավելեց, որ հարցը ՀՀ-ԵՄ օրակարգի շրջանակներում է քննարկվել: Նաղդալյանը նշեց նաև, որ ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ ներդրումների և համատեղ ծրագրերի ուղղությամբ. «Ներդրումների, ծրագրերի մասով հայկական կողմը ներկայացնելու է հստակ առաջարկություններ և ծրագրեր: Հանդիպման կարևոր կետերից էր նաև հայ-ադրբեջանական հակամարտության հարցը, Մերկելը հաստատել է, որ Գերմանիան հետաքրքրված է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման մեջ, իսկ դրան հասնելու բանալին խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումն է»: Նաղդալյանի խոսքով, Մերկելը վերահաստատել է, որ գերմանական կողմը հանձնառու է խնդրի խաղաղ կարգավորմանը և պատրաստ է քաղաքական պատասխանատվություն ստանձնել: Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Հայաստան էր ժամանել Գերմանիայի Դաշնային հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը: Սա Գերմանիայի կանցլեր Մերկելի առաջին պաշտոնական այցն էր Հայաստան։