Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սկի Չարլի Չապլինն իրավունք չունի քաղաքապետ լինելու»

Հասարակություն
harcumner

«Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է։ Այդ մասին որոշում է կայացվել կուսակցության վարչության նիստում։

Նրան երևանցիները միանշանակ չեն ընդունում։

«Սկի Չարլի Չապլինը, երևի, իրավունք չունի քաղաքապետ լինելու»,-նշում է քաղաքացիներից մեկը։ Մինչդեռ մեկ այլ երևանցի կողմ է Հայկ Մարությանի քաղաքապետ լինելուն։ «Մենք ուզում ենք քաղաքը տեսնել մաքուր, մարդկանց տեսնել ուրախ, ուզում ենք, որ միայն կենտրոնը չզարգանա։ Ես համոզված եմ, որ ինքը մենակ կենտրոնը չի զարգացնելու, նախ և առաջ ծայրամասերն են զարգանալու»։ Երևանցիներին հավատ չի ներշնչում հատկապես  քաղաքապետի թեկնածուի դերասանական կարիերան։ Հայկ Մարությանը երեկվա վարչության նիստից հետո անդրադարձել էր այդ հարցին։ «2012 թվականից դերասանական աշխատանքն իմ կյանքում զբաղեցնում է ընդամենը 20 տոկոսը»,- նշել էր վերջինս։ Իմ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտեցումները նույնն են լինելու,-վստահեցնում է Հայկ Մարությանը։ Նա ներկայացնում է  քաղաքապետի մասին իր պատկերացումները։ «Վստահաբար նա չպետք է լինի պաշտոնյա։ Նա պետք է լինի ձեզանից, մեզանից մեկը։ Եթե մենք հաղթենք այս ընտրություններին, ես լինելու եմ ձեզանից մեկը»։ Քաղաքապետի թեկնածուների ցանկում շրջանառվում է նաև ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի անունները։ Թեև «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն արդեն հայտնի է, բայց հայտնի չէ, թե ինչ ձևաչափով «Ելք» դաշինքը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։ «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն առաջիկայում կհայտարարեն իրենց որոշման  մասին։