Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲՀԿ-ն առնչություն չունի Ռ. Քոչարյանի հետ, մարտի 1-ի պատասխանատվությունը չի կիսում» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-collageer

Մարտի մեկի գործով Ռոբերտ Քոչարյանի դեմ առաջադրված մեղադրանքի մեջ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը իրավական որեւէ ոճ, լեզու չի տեսնում: Նա ծայրաստիճան մտահոգիչ է համարում այն, որ ՀՀ 2-րդ նախագահի դեմ քրեական հետապնդում է սկսվել.  «Այնտեղ   տեսնում եմ լուրջ սխալ մեկնաբանություններ եւ օրենքի, եւ տերմինաբանության: Բերեմ պարզ օրինակ, խոսվում է, որ բանակը կարող է օգտագործվել անվտանգության հարցերով եւ կարծում եմ, այդ նյութի հեղինակները ենթադրում են, որ ՀՀ անվտանգությունը միմիայն արտաքին սպառնալիքներից է: Իրականում դա այդպես չէ եւ եթե մի քիչ ավելի խորանանք իրավունքի մեջ, կարդան մեր օրենքները, անմիջապես պարզ կդառնա, որ ՀՀ անվտանգությունն ունի թե արտաքին, թե ներքին կոմպոնենտ եւ այդ առումով բանակի օգտագործումը թույլատրելի է նման իրավիճակներում»:  Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Քր.Օր 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը: «Արտակարգ դրություն հայտարարելը գործիքակազմ է: Իսկ ինչի՞ համար էր այդ գործիքակազմը տրված նախագահին, որովհետեւ նախագահի խնդիրների մեջ ամրագրված էր, որ նա պարտավոր է ապահովել ՀՀ անվտանգությունը: Հենց այդ լիազորությունները, որ տրված են նախագահին, որ նա կյանքի կոչի իր խնդիրները, այդ լիազորություններից բխող ցանկացած գործունեություն չի կարող ենթադրել հետագայում պատասխանատվություն այդ քայլերի համար»,- նշեց Դավիթ Հարությունյանը:  Ըստ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների՝  օրենքի առաջ բոլորը հավասար են եւ մարտի մեկի ոճրագործության մանրամասները կոծկողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Այդ իմաստով արդյոք ԲՀԿ-ն եւս պատասխանատվություն չի՞ կրում, քանի որ 2008թ. ՀՅԴ եւ ՕԵԿ հետ միասին իշխանական կոալիցիայի մաս կազմեցին: «ԲՀԿ-ն չի կրում այնքանով, որքանով մարտի մեկի պատասխանատվությունը գործող իշխանությունների վրա է. կոալիցիոն որեւէ գործընկեր, կարճ ժամանակահատվածում համագործակցելով իշխանության հետ եւ չստանձնելով որեւէ պատասխանատվություն»,- վստահեցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: «Կոալիցիաների մեջ եղել են տարբեր կուսկացություններ, եւ քաղաքական իշխանության կոալիցիոն բովանդակությունը բացարձակ չի կարելի հակադրել այն դեպքերին, որոնք եղել են մարտի մեկին: Երբ մենք 2012թ. կոալիցիայից դուրս եկանք, ինչ ասացինք՝ լինելով կոալիցիայի մեջ, բայց կոալիցիոն իշխանության քաղաքական որոշումների մեջ ունենալով ընդամենը զրո ազդեցություն, մենք դուրս ենք գալիս: Այսինքն, մի քանի նախարար ունենալ, չի նշանակում, վերջնական որոշումների վրա ազդեցություն ունենալ»,- ավելացրեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:               Սերգեյ Բագրատյանը կտրականապես հերքեց, որ ԲՀԿ-ն որեւէ առնչություն ունի Ռոբերտ Քոչարյանի հետ. «Ես չգիտեմ՝ ձեզ որտեղից այդ փաստը, թե ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանն է ստեղծել, ասեկոսեների մակարդակով մենք էլ ենք լսել նման բաներ, սակայն երբեւէ համոզված չենք եղել, քանի որ նա չի առնչվում ԲՀԿ հետ: Առնվազն ես՝ որպես հիմնադիր անդամներից մեկը, երբեւէ Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ հանդիպել»:             Հայտարարություններով հանդես են եկել ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: Դաշնակությունը, մասնավորապես, նշել էր, որ Ռոբերտ Քոչարյանին նման մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է և կարող է մեկնաբանվել՝ որպես քաղաքական հալածանք։ Իսկ ՀՀԿ համար առաջադրված մեղադրանքը բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն է թողնում, իսկ իրավական տեսակետից անհեթեթ է: