«Տուր դե Ֆրանս-2018»-ին կմասնակցի դոպինգ օգտագործած հեծանվորդ
Հանրահայտ «Տուր դե Ֆրանս» հեծանվավազքի տնօրեն Քրիստիան Պրյուդոմը հայտնել է, որ մրցավազքի քառակի չեմպիոն Քրիս Ֆրումին թույլատրել են մասնակցելու մրցումներին: Բանն այն է, որ 2017թ «Վուելտայում» բրիտանացի հեծանվորդի դոպինգ ստուգումը դրական արդյունք էր տվել: Սակայն Հեծանվորդների միջազգային միությունը ուսումնասիրելով այդ գործի հանգամանքները, եկել էր այն եզրակացության, որ Քրիս Ֆրումը չի խախտել հակադոպինգային կանոնները: Չնայած դրան, «Տուր դե Ֆրանս» հեծանվավազքը կազմակերպող ընկերությունը Sky թիմին արգելել էր հայտավորել բրիտանացի հեծանվորդին: Սակայն թիմի ղեկավարությունն այդ որոշումը բողոքարկել է Ֆրանսիայի ազգային օլիմպիական կոմիտեի վերաքննիչ պալատում եւ հաղթել գործը: Այդպիսով, Քրիս Ֆրումը հնարավորություն է ստացել 5-րդ անգամ նվաճելու «Տուր դե Ֆրանս» հեծանվավազքի չեմպիոնի կոչումը, առավել եւս, որ նա վերջերս առաջին անգամ հաղթող էր ճանաչվել «Ջիրո դ’Իտալիա» մրցավազքում: