Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Սողոմոնյանը որոշել է փոխել «Փյունիկ»-ի անունը

Սպորտ
sport-soxomonyan

Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ցանկանում է ինքնուրույն էջ գրել հայկական ֆուտբոլի պատմագրքում: Այդ նպատակով նա որոշել է փոխել ակումբի անունը: Նոր մրցաշրջանից «Փյունիկ» ակումբին փոխարինելու է «Երեւան» նորաստեղծ ֆուտբոլային ակումբը: Մեր այն դիտարկմանը, որ նախկինում նման անունով թիմ եղել է Հայաստանի առաջնությունում, Արթուր Սողոմոնյանն ասաց. «Նախկինում եղել է միայն թիմը, իսկ հիմա մենք գրանցվելու ենք որպես ֆուտբոլային ակումբ: Համենայնդեպս, մենք այդ հարցը նախապես քննարկել ենք ՈՒԵՖԱ-ի եւ Հայաստանի հանապատասխան մարմինների հետ: Եթե անվան հետ կապված խնդիրներ լինեին, ապա մեզ կմերժեին», - «Ա1+»-ի թղթակցին ասաց ռուսաստանցի գործարարը: Խոսելով առաջիկա անելիքների մասին, Արթուր Սողոմոնյանն ասաց, որ պատրաստվում է արմատական փոփոխություններ կատարել ակումբի բոլոր ենթակառուցվածքներում:  «Անցած առաջնությունում թիմի ցույց տված արդյունքը, բնականաբար, մեզ չի գոհացնում: Ուստի, մենք որոշել ենք փոփոխություններ կատարել՝ ինչպես ֆուտբոլիստների, այնպես էլ մարզչական կազմում: Սակայն, ամենագլխավորը ակումբի ակադեմիայի զարգացումն է: Դրա համար էլ պատրաստվում ենք որակյալ մարզիչներ հրավիրել մեր մանկա-պատանեկան թիմերի համար, որպեսզի նրանք կարողանան մինչեւ վերջ պատրաստեն բարձրակարգ, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ, ինչպիսին Հենրիխ Մխիթարյանն է», - նշեց «Փյունիկի» սեփականատերը: Արթուր Սողոմոնյանը կարծում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ճիշտ որոշում է կայացրել կապված Գյումրիի «Շիրակի» հետ, սակայն նաեւ ավելացնում է, որ դրա պատճառով ակումբի ղեկավարները չպետք է հրաժարվեին առաջնության մասնակցությունից: «Մենք պետք է պայքարենք նման բացասական երեւույթների դեմ: Ֆեդերացիան կարող էր ավելի կոշտ որոշում կայացնել: Ցավալի է, որ «Շիրակը» վերջնագրի լեզվով է խոսում: Հուսանք, որ նոր մարդիկ կգտնվեն եւ այդ հարցը կհարթվի», - եզրակացրեց հայկական ֆուտբոլի նվիրյալը: