Ամերիկահայ հայտնի բժիշկը Երեւանում է (տեսանյութ)
Ամերիկահայ պրոֆեսոր, բժիշկ Ջոն Բիլեզիկյանն ամեն ինչ անում է, որ գոնե տարին երկու անգամ լինի Հայաստանում։ «Առաջին անգամ Հայաստանում եղել եմ 2007-ին: Իմ ծնողները երբեք չեն եղել Հայաստանում, նրանք ԱՄՆ-ում հաստատվել են ցեղասպանությունից հետո: Հայաստան գալուց ես զգում էի, որ պարտավոր եմ իմ աջակցությունը ցուցաբերել»: ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի բժշկության և վիրաբուժության քոլեջի ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների ծրագրի տնօրեն, միջազգային կրթության փոխնախագահ Ջոն Բիլեզիկյանը Հայաստան չի գալիս զբոսաշրջիկի կարգավիճակով։ Նա իր փորձն է փոխանցում տեղացի մասնագետներին։ «Ես երկու առաքելություն ունեի՝ տեղի բժիշկներին տալ անհրաժեշտ գիտելիքներ եւ բերել սարքեր, որոնք թույլ կտային ախտորոշել հիվանդությունը վաղ փուլում եւ հետո արդեն կանխարգելել: Ընդամենը մեկ դենսիտոմետր կար երկրում: Հիմա, 11 տարի անց, տասն այդպիսի սարքավորում կա Հայաստանում»: Դենսիտոմետրը սարք է, որը չափում է ոսկորների ամրությունը: Հոլոջիք ընկերությունն է դրանք տրամադրել: «Ես դիմեցի նրանց եւ ասացի, որ դենսիտոմետր սարքը պետք է տանեմ Հայաստան, բայց չեմ կարող վճարել: Ամեն տարի ես դիմում էի այդ ընկերությանը եւ խնդրում նրանցից եւս մեկ սարք: Հայաստանն աշխարհի առաջատար երկրներից է բնակչության մեկ շնչին բաժին հասնող այդ սարքերի քանակով»: Հայ բժիշկների պատրաստվածությունը պրոֆեսորը դժվարանում է գնահատել, բայց մի բանում համոզված է: «11 տարի առաջ, երբ մենք սեմինարներ էինք կազմակերպում, բժիշկները նույնիսկ հարց չէին տալիս, իսկ հիմա հարցերը շատ են, եւ տեղի բժիշկներից շատերը հիմա սեմինարների ընթացքում խորհրդատվություն են տրամադրում»: «Ես ակադեմիկ բժիշկ եմ, ավելի շատ դասավանդում եմ: Իմ պրակտիկ գործունեությունը սահմանափակ է, բայց ես ունեմ հիվանդներ: Իմ ծառայությունները հասանելի է, քանի որ ԱՄՆ-ում կա բժշկական ապահովագրություն»: Հիվանդությունից խուսափելու համար բժիշկը խորհուրդ է տալիս կալցիումով հարուստ սնունդ օգտագործել, չչարաշահել ծխախոտն ու ալկոհոլը: Ի դեպ, մայիսի 12-ին Ջոն Բիլեզիկյանն արժանացել է Էլիս կղզու Պատվավոր մեդալին: Այն շնորհվում է ԱՄՆ այն քաղաքացիներին, որոնք իրենց կյանքը նվիրել են հասարակությանը ծառայելուն: