Կառավարության առաջին նիստին ներկա էին ինչպես նախկին, այնպես էլ նոր պաշտոնյաները
Վերջին՝ առնվազն 10 տարվա ընթացքում առաջին անգամ լրագրողները կարողացան մուտք գործել կառավարության նիստերի դահլիճ։ Այս ժամանակահատվածում դահլիճ խիստ սահմանփակ ժամանակով կարողացել են ներկա գտնվել միայն օպերատորներն ու լուսանկարիչները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավրությամբ Կառավարության առաջին նիստին ներկա էին ինչպես արդեն նախկին, այնպես էլ նոր պաշտոնյաները. ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը խոստացավ կատարել օրենքով նախատեսված բոլոր լիազորությունները. «Որպեսզի արդարացնենք մեր բնակիչների հույսերը, որը ապահովելու է ՀՀ ազգային անվտանգությունը: Կարծում եմ՝ այս պահին այսքանը կարող եմ ասել, մի քիչ աշխատելուց հետո ավելի մանրակրկիտ կանդրադառնանք»: Երեւանի քաղաքապետը եւս ներկա էր նիստին: Նրա հրաժարական տալը դեռ իրենց օրակարգում չի քննարկվում. «Քաղաքակապետարանն իր հունով իր ծրագրերն իրականացնում է: Մենք ՏԻՄ կառավարումը դիտարկում ենք որպես քաղաքային տնտեսություն, որտեղ մեր աշխատանքներն իրականացնում ենք»: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լեւոն Ալթունյանը կարծում է, որ կպաշտոնավարի այնքան, որքան հարկ կհամարի նորընտիր վարչապետը»: Իսկ Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը այլեւս ցանկություն չունի պաշտոնավարելու. «Իմ ցանկությունն այնպես, չէ, որ այսօր է առաջացել, վաղուց կար, սակայն ես կպաշտոնավարեմ այնքան մինչեւ.... հարցը չի վերաբերում Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը: Հարգում եմ Նիկոլ Փաշինյանին ու նրա մոտեցումենրը, սակայն գտնում եմ, որ ավելի շատ կարող եմ օգուտ տալ ՀՀ-ին ու պարտադիր չէ լինել նախարարի պաշտոնին»: Դեռեւս հստակ չէ նաեւ՝ Վահան Մարտիրոսյանը կմնա ՀՀԿ անդամ, թե ոչ: Նա կուսակցական էր դարձել, երբ ստանձնել էր նախարարի պաշտոնը: