Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն «Շիրակից» հանել է 12 միավոր, իսկ աշխատակցին որակազրկել ցմահ

Սպորտ
sport-hff-tuganq

Այսօր տեղի է ունեցել ՀՖՖ Կարգապահական կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում սկանդալային որոշում է կայացվել՝ կապված Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության առաջատար «Շիրակի» հետ: Ըստ ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդման՝ Բանանց ՖԱ-ն 04.05.2018թ. ՀՖՖ-ին ուղղված գրությամբ հայտնել է, որ Բանանց ՖԱ-ի ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոն 03.05.2018թ-ին դիմել է իրենց /դիմումը կից ներկայացված է/ և տեղեկացրել է, որ իրեն Շիրակ ՖԱ մարզիչ Արարատ Հարությունյանի կողմից առաջարկվել է իրականացնել պայմանավորված խաղի կազմակերպում 05.05.2018 թվականին կայանալիք ՀՀ Բարձրագույն խմբի Բանանց-Շիրակ հանդիպման ժամանակ: Համաձայն Էդվարդ Կպոդոի կողմից ակումբին ներկայացված դիմումի՝ Արարատ Հարությունյանի կողմից իրեն տրվել է նախնական 1000 ԱՄՆ դոլար կանխավճար, իսկ խաղի ընթացքում սխալներ թույլ տալու համար, որի հետևանքով Շիրակ ՖԱ-ն գոլեր կվաստակի, նրան խոստացվել էր ևս 4000 ԱՄՆ դոլար: Բանանց ակումբը գրությանը կից ներկայացրել է նաև ֆուտբոլիստի և Արարատ Հարությունյանի միջև եղած հեռախոսային զրույցի ձայնագրություններ, ինչպես նաև նրանց միջև եղած տեքստային հաղորդագրությունների պատճենները (screenshot նկարները): Նույն օրը ՀՖՖ-ի կողմից այդ մասին տեղեկացվել է Շիրակ ՖԱ-ն և առաջարկվել է ներկայացնել իրենց դիրքորոշումը հարցի վերաբերյալ: Շիրակ ՖԱ-ն 04.05.2018 թ.-ին ՀՖՖ-ին հասցեագրված գրությամբ հայտնել է, որ իրենց մոտ եղած տեղեկատվության համաձայն՝ Շիրակ ՖԱ-ի աշխատակից Արարատ Հարությունյանը կապ է հաստատել Բանանց ՖԱ-ի ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյի հետ՝ նախկինում կուտակված պարգևավճարների հետ կապված՝ հաշվի առնելով, որ նշված ֆուտբոլիստը 2017 թվականին հանդես է եկել Շիրակ ՖԱ-ի կազմում: Ըստ Շիրակ ՖԱ-ի՝ հավանաբար, հենց այդ խոսակցության ընթացքում Արարատ Հարությունյանը, առանց նախապես տեղյակ պահելու ակումբի ղեկավարությանը, քննարկել է Կպոդոյի կողմից իր խաղով խաղի արդյունքի վրա ազդելու հարց: Ի հավելումն վերոնշյալի՝ ակումբը նույն գրությամբ փաստում է, որ ակումբի ոչ մի անդամ տեղյակ չի եղել Արարատ Հարությունյանի մտադրության մասին և տեղյակ լինելուն պես անպայման կկանխեր այն: Միաժամանակ ակումբը տեղեկացնում է, որ Արարատ Հարությունյանը նման կոպիտ խախտման համար որպես պատիժ հեռացվել է ակումբից: Նշված հարցը ներկայացվել է ՀՖՖ փորձագիտական կոմիտեին, որն էլ տվել է եզրակացություն այն մասին, որ՝ <Փորձագիտական կոմիտեն, ուսումնասիրելով Բանանց ՖԱ-ի գրությունը և դրան կից ներկայացված ֆուտբոլիստի (Էդվարդ Կպոդո) համապատասխան հայտարարությունը, ինչպես նաև ֆուտբոլիստի և Արարատ Հարությունյանի միջև հեռախոսազրույցի ձայնագրությունն ու դրա սղագրությունը, եկավ այն համոզման, որ Արարատ Հարությունյանն իր գործողություններով կատարել է ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք: Ինչ վերաբերում է Շիրակ ՖԱ-ի այն պնդմանը, որ ակումբը տեղեկացված չի եղել իր աշխատակից Արարատ Հարությունյանի վերոնշյալ արարքի մասին, ապա փորձագիտական կոմիտեն եկավ այն համոզման, որ գործին կցված հեռախոսազրույցների ձայնագրությունները և սղագրություններն այլն են ապացուցում: Բացի այդ, նման պայմաններում Շիրակ ՖԱ-ն ակնհայտորեն հանդիսանում էր իր աշխատակցի գործողությունների շահառուն և հետևաբար նաև պատասխանատուն: Կարգապահական կոմիտեն նիստին հրավիրել էր նաև Արարատ Հարությունյանին, ով թեև չներկայացավ նիստին, սակայն հեռախոսակապով ներկայացրեց իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ, ինչն իր գիտությամբ նաև ձայնագրվում էր (կցվում է): Վերջինս, մասնավորապես, հայտնեց, որ իր խոսակցությունները ֆուտբոլիստի հետ կապված են եղել ֆուտբոլիստի ապագա հնարավոր տրանսֆերի կազմակերպման և նախկինում նրա հասանելիք պարգևավճարների հետ և որ ինքը որևէ գումար ֆուտբոլիստին խաղի արդյունքների վրա ազդելու համար չի տվել: Արարատ Հարությունյանն ընդհանուր առմամբ փորձեց ներկայացնել իրականությունն այնպես, որ խաղի արդյունքի վրա ազդելու առաջարկը եղել է ֆուտբոլիստի, այլ ոչ իր կողմից, և որին ինքն՝ ըստ էության չի մերժել, փորձել է օգտագործել առիթը, երևի սխալվել է, մեղավոր է: Կարգապահական կոմիտեի անդամների տարբեր հարցերին, փաստարկներին և ֆուտբոլիստի հետ իր իսկ խոսակցության սղագրության մեջբերումներին Արարատ Հարությունյանը տվեց ընդհանուր առմամբ իրարամերժ, անտրամաբանական, ոչ համոզիչ և փաստական ապացույցներին չհամապատասխանող պատասխաններ: Ելնելով վերոգրյալներից՝ կարգապահական կոմիտեն միաձայն որոշեց. 1. Արարատ Հարությունյանին ցմահ արգելել զբաղվելու որևէ ֆուտբոլային գործունեությամբ: 2. Շիրակ ՖԱ–ին տուգանել նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով և ՀՀ Ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության Շիրակ թիմի արդյունքները նվազեցնել 12 միավորով: 3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՖՖ բողոքարկման կոմիտե այն ստանալու պահից յոթ օրվա ընթացքում: