«Կհամարձակվեմ Ձեր տեսակետը չկիսել, ՀՀ հեղինակությունը վերջին 15 օրերին աճել է». Փաշինյանը՝ Ավագյանին (տեսանյութ)
ԱԺ հատուկ նիստին այսօր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը հայտարարեց. «Ես ուզում եմ ողջունել Հանրապետության հրապարակում հավաքված հասարակությանը։ Ես կարծում եմ, որ կհաղթանակի բանականությունը, որ հասարակությունը հանդարտվի ու վաղվա օրը ունենա։ Ուզում եմ դիմել ՀՀԿ-ին` 2008թ. ձեր կուսակիցները մասսայական եկան ու պատռեցին իրենց կուսակցական վկայականները, սակայն այն ժամանակ այդքան համարձակություն չունեին։ Մենք այսուհետեւ ձեզ, պարոն Փաշինյան, պետք է դիմենք պարոն վարչապետ։ Դուք պետք է ունենաք վճռական երաշխիքներ, զսպումների լուրջ համակարգեր, քանի որ ինքնանպատակ չէ վարչապետ դառնալը, այլ հանուն ՀՀ համար»: ՀՀԿ պատգմավոր Կարեն Ավագյանն էլ հարցրեց՝ ապրիլի 21-25-ը արտերկրում Նիկոլ Փաշինյանի որոշ կողմնակիցներ դեսպանատների առջեւ ակցիաներ են իրականացրել, որոշ դեպքերում ներխուժումով, որը արժանացել է ոստիկանների խոչընդոտմանը. «Ակնհայտ է, որ այս ամենը մեծապես հարվածել է մեր բոլորիս պետության հեղինակությանը, արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները պետությունն են ներկայացնում, ոչ թե իշխանություններին: Դուք պատրաստ էիք անգամ համազգային սգո օրը Ծիծեռնակաբերդում ձեր քաղաքական նպատակների համար օգտագործել՝ ըստ մամուլի հրապարակումների»: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ըստ նախատեսված պլանի, ապրիլի 24-ին պետք է լինեի կալանավայրում, ապրիլի 23-ին են ինձ ազատ արձակել, իսկ 24-ին իրականացրել եմ ոչ քաղաքական բնույթի ավանդական երթ։ Եթե մյուս սցենարով գնայինք, ես պետք է լինեի կալանավայրում, իսկ այլ սցենարով որ գնացել է, ձեր ասածը տեղի չի ունեցել: Ինչ վերաբերում է դիվանագիտական ներկայացուցիչներին այլ երկրներում, ՀՀ քաղաքացիներն իրականացրել են բողոքի գործողություններ ՀՀ տարածքում, ՀՀ տարածքից դուրս եւ դիվանագիտական ներկայացուցիչները համարվում են ՀՀ տարածք: Ինչ վերաբերում է, որ հարվածել եմ հեղինակությանը, ես կհամարձակվեի ձեր տեսակետը չկիսել, եթե մոնիտորինգ անենք միջազգային մամուլն ու արձագանքները, ՀՀ հեղինակությունը վերջին 15 օրերին աճել է, հայ ժողովրդի հեղինակությունը աճել է եւ շարունակում է աճել: Ես հույս ունեմ, որ դուք ու ձեր խմբակցությունը չեք խոչընդոտի ՀՀ-ի միջազգային դիրքին ու հեղինակությանը»: