Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանը սրանից հետո լինելու է ամենակենտրոնական տեղերից մեկը Երկիր մոլորակի վրա» (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-17

21.00  Երկրում կա ժողովուրդ, որը շատ հստակ, բոլոր մանրամասներով գիտի, թե ինչ է պետք անել, եթե հանկարծ երբևէ որևէ իշխանություն ՀՀ-ում փորձի լկտիանալ:   Հանրապետության հրապարակում իր ելույթի ժամանակ հայտարարեց  «Իմ  քայլը» շարժման առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: «Վաղը մայիսի մեկն է, և չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Հայաստանի և նրա մայրաքաղաք Երևանի վրա, կարծես վաղը տեղի է ունենալու ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը»,- ասաց վարչապետի թեկնածուն: «Հայաստանին և Սփյուռքին հաջողվեց վերջին 15 օրերի ընթացքում մեր երկիրը դարձնել աշխարհի ամենաքննարկվող թեմաներից մեկը: Հիմա Հայաստանն այլևս մոռացված և հեռավոր անկյուն չէ, մեր երկիրը մի տեղ է, որտեղ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք զարմացնում, հիացնում, սովորեցնում են և որոնք մտածելու տեղ են տալիս աշխարհին: Ահա սա է մեր պատկերացրած Հայաստանը, հայ ժողովուրդը, որը գտել է իր ստեղծարար ոգին, ուժը, որը գտել է ստեղծարար էությունը և այլևս երբեք չի կորցնելու»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանը սրանից հետո լինելու է ամենակենտրոնական տեղերից մեկը Երկիր մոլորակի վրա: Փաշինյանը հիշեցրեց, որ այսօր պաշտոնապես «Ելք» խմբակցության կողմից առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու և նշեց, որ շատ մեծ  է հավանականությունը, որ վաղը ժողովրդի կողմից ներկայացված թեկնածուն կընտրվի վարչապետ: «Բացարձակապես էական չէ, թե ով կլինի ՀՀ վարչապետ, էականն այն է, որ կա երկրի ղեկը, իշխանությունը սեփական ձեռքը վերցրած ժողովուրդ, որովհետև ամենակարևորն այն է, որ երկրում կա ժողովուրդ, որը շատ հստակ, բոլոր մանրամասներով գիտի, թե ինչ է պետք անել, եթե հանկարծ երբևէ որևէ իշխանություն ՀՀ-ում փորձի լկտիանալ, հոտառությունը կորցնել և փորձի «տեղը չբերել» սեփական ժողովրդին»,- ասաց Փաշինյանը և դա ամենակարևոր իրադարձությունը համարեց: «Իմ  քայլը» շարժման առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության ամենակարևոր արդյունքն այն է, որ այլևս ժողովուրդն է տերը իր երկրի, և դա ոչ թե կարգախոս է, այլ կոնկրետ քաղաքական իրողություն: «ՀՀ-ում դեռ կփոխվեն, դեռ իրար հետևից կգան ու կգնան վարչապետեր, կառավարություններ, նախագահներ, Ազգային ժողովներ, պատգամավորներ, նախարարներ, բայց ՀՀ-ում չի փոխվելու ամենակարևորը, ամենահիմնականը` ՀՀ-ում այսուհետ թևածելու է այն կարգախոսը, որը քիչ առաջ դուք էիք վանկարկում»,- ասաց նա և կրկին քաղաքացիների հետ վանկարկեցին մենք ենք տերը մեր երկրի: «Ես հիմա՝ այս երեկոյան, հասկացա, որ բացարձակապես էական չէ, որևէ նշանակություն չունի, թե ինչ տեղի կունենա վաղը՝ ԱԺ-ում, էականն այն է, որ ՀՀ քաղաքացին, ժողովուրդը՝ հայ ժողովուրդը հաղթել է, և այդ հաղթանակը անշրջելի է և չի կարող կասկածի տակ դնել այլևս ոչ ոք»,-ասաց նա:  Պատգամախոսը նշեց,  որ մինչև երեկ մտածում էին, որ ՀՀ-ում պետք է վաղը հերթական ցույցը, բողոքի գործողությունը, ուժի ցուցադրությունը տեղի ունենա: «Բայց վաղը այս հրապարակում պետք է տեղի ունենա մի հսկայական տոնախմբություն, որտեղ ժողովուրդը՝ հայ ժողովուրդը պետք է տոնի իր սեփական անշրջելի հաղթանակը, և ուրեմն, բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում վաղը՝ առավոտյան ժամը 11-ից, հավաքվել Հանրապետության հրապարակում, չգնալ որևէ տեղ, որևէ փողոց չփակել, որևէ գործողություն տեղի չունենա, հավաքվել Հանրապետության հրապարակում և տոնել սեփական հաղթանակը` հուսահատության, արտագաղթի, թուլության, անորոշության նկատմամբ: Հիմա այլևս որոշակի է, որ մեր երազանքները սկսում են իրականանալ, որովհետև մենք այլևս չենք երազում ազատ և երջանիկ Հայաստանի մասին,  մենք այսօր ապրում ենք ազատ և երջանիկ Հայաստանում»,- ասաց նա և կոչ արեց բոլոր մարզերից, գյուղերից հավաքվել Հանրապետության հրապարակում` հստակ արձանագրելու, որ «մենք ենք տերը մեր երկրի»: 20 40  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին ասաց, որ վերջին տարիներին այս իշխանությունների ձեռքով մեր հայոց տունը ներսից էր քանդվում: «Նիկոլի գլխավորությամբ կարողացանք ստեղծել մի հզոր բանակ, որը պետք է հայ ժողովրդին տանի ծիծաղի, հպարտության, իրեն քաղաքացի զգացող մարդու հայի տեսակի, որը պետք է ապրի Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց նա: Ըստ Միքայելյանի՝ այս տարիների ընթացքում տառապել են նրանք, ովքեր չպետք է տառապեն, վայելում էին նրանք, ովքեր արժեք չունեն:

20:19 «Մեզ մենակ չթողնեք» Արարատ Միրզոյան

Հաջորդ ելույթը ազգային ժողովի պատգամավոր Արարատ Միրզոյանինն էր.

«Հիմա մենք նոր փուլ ենք թևակոխում և պետք է եռակի անգամ ավելի կազմակերպված լինենք, վաղը ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանին կընտրի Հայաստանի Հանրապետության վարչապետ, որից հետո կազմվելու է ժամանակավոր կազմակերպություն, որը պիտի համերաշխության մթնոլորտ ստեղծի, տա տնտեսական այն լուծումները, որը որոնք հիմք կլինի հիմնական կառավարության համար, բարեփոխել ընտրական օրենսգիրքը»,- ասաց պատգավորը:

Արարատ Միրզոյանը կոչ արեց՝ իրենց մենակ չթողնել հետագա գործընթացներում: 

19:54 Հավաքվածներին խոսք ուղղեց հանրահայտ լողորդ Շավարշ Կարապետյանը.

«Պարոն Փաշինյան, իմ շնորհակալությունը քեզ, երևի սա վերևից է եկել, որ մենք ավելի շատ սիրենք միմյանց և ստեղծենք գեղեցիկ Հայաստան»,- հույզերը չթաքցնելով անկեղծացավ Շավարշ Կարապետյանը:

«Սերը վառել չի լինի, սերը սպանել չի լինի, եթե վաղը ձեր հաղթանակւ չլինի, ուրեմն աշխարհը կփլվի»,- ելույթը եզրափակեց լողորդը: 19.52

19:40 Նախատեսվածից 40 րոպե ուշացումով Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Իմ քայլը» նախաձեռնության հերթական հանրահավաքը.

«Իշխանությունը պիտի պաշտպանի քաղաքացիների հիմնարար ազատությունունները, մենք հավատում ենք հայ ժողովրդի հավաքական իմաստությանը , ապագա Հայաստանի հիմքը ազատ և արդար ընտրություններն են»,- իր բացման խոսքում ասաց «մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը:

  18.36 Նիկոլ Փաշինյանը քայլերթով հասավ Հանրապետության հրապարակ։ Հանրահավաքը նախատեսված է ժամը 19։00-ին։ Հանրապետության հրապարակը դարձյալ բազմամարդ է, սակայն երթի մասնակիցների թիվը զիջում էր մնացած օրերի հետ համեմատած, համենայնդեպս այս պահին։ 18.23 Քայլերթի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր լրագրողների հարցերին։ Նա տվեց այս օրերի ընթացքում շատերին հուզող հարցի պատասխանը՝ ի՞նչ կար նրա ուսապարկում։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ընդամենն իրեն անհրաժեշտ պիտույքներ էին. հագուստ, համակարգիչ, հեռախոսի պարագաներ։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վարչապետ ընտրվելու դեպքում առաջին խորհրդարանշական քայլը կլինի այն, որ քայլեր կձեռնարկեն Կառավարության դռնփակ նիստերի որոշումը չեղյալ համարվի։ ....................... ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկեց երթը դեպի Հանրապետության հրապարակ։ Այսօր ժամը 19:00-ին հրապարակում հանրահավաք կանցկացվի։