Կարեն Կարապետյանն ու Վիգեն Սարգսյանը հանդիպել են (տեսանյութ)
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանին: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ բանակը եղել ու շարունակում է մնալ պետության մշտական հոգածության ներքո և գտնվելու է անձամբ իր ուշադրության կենտրոնում: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ զինված ուժերում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն, և ամեն ինչ պետք է արվի հայկական զինված ուժերի շարունակական արդիականացման և բանակի էլ ավելի հզորացման համար: Վիգեն Սարգսյանը զեկուցել է, որ զինված ուժերը շարունակում են մեծ պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով երկրի պաշտպանունակությունն ու անառիկ պահելով սահմանները: Նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է, որ հայկական բանակն ունակ է դիմագրավելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն և հարկ եղած դեպքում արժանի հակահարված տալու: