Հայաստանի ընբշամարտի հավաքականները որոշեցին կազմերը
Ապրիլի 30-ից մինչեւ մայիսի 6-ը Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 17 մարզիկով: Ինչպես նշում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը թիմ է հրավիրել 7 ըմբիշ: Դրանք են Արմեն Մելիքյանը (60 կգ քաշային կարգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Աթուր Շահինյանը (87 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Լեւոն Ջուլֆալակյանը կայքին տեղեկացրել է, որ 55, 72 եւ 130 կգ քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչ չունի, քանի որ այդ քաշային մեր ըմբիշները դեռ ձեռք չեն բերել համապատասխան մարզավիճակ: Ներկայումս հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայատանի հավաքականը Կասպիյսկում կներկայանա 10 մարզիկով: Նրանք են՝ Միհրան Ջաբուրյան (57 կգ), Գարիկ Բարսեղյան (61 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (65 կգ), Վալտեր Մարգարյան (70 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Վարուժան Կաջոյան (79 կգ), Մարզպետ Գալստյան (86 կգ), Շամիր Աթյան (92 կգ), Գեորգի Կետոեւ (97 կգ), Լեւան Բերիանիձե (125 կգ): Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ այս պահին մարզվում է Օլիմպավանում, իսկ ապրիլի 21-ին կմեկնի Վլադիկավկազ, որտեղ կանցկացնի վերջին ուսհավաք