Էլինա Դանիելյանը պարտվեց եւ զիջեց դիրքերը
Սլովակիայումտեղի ունեցող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում այսօր կայացան 8-րդ տուրի հանդիպումները: Առաջատարների խմբում ընթացող Էլինա Դանիելյանը սեւ խաղաքարերով հանդիպեց ուկրաինացի Աննա Ուշենինայի հետ: Ավաղ, մեր շախմատիստուհին անվստահ անցկացրեց պարտիան եւ 31-րդ քայլին ստիպված կանգնեցրեց ժամացույցը: Նա առաջին պարտությունը կրեց առաջնությունում եւ վաստակած 5,5 միավորով նահանջեց 14-րդ հորիզոնական: Հայաստանի հավաքականի մյուս երկու անդամները՝ Մարիա Կուրսովան ու Լիլիթ Մկրտչյանը վիճակահանությամբ հանդիպեցին միմյանց հետ եւ արդեն 12-րդ քայլին գրոսմայստերական ոչ-ոքի արեցին: Նրանք վաստակել են 4,5-ական միավոր: Զավեշտալի ստացվեց Մարիա Գեւորգյանի պարտիան ադրբեջանցի Գուլնար Մամադովայի հետ: Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստուհին, ըստ համակարգչի. մինչեւ 24-րդ քայլը մեծ դիքային առավելություն ուներ: Սակայն Մարիա Գեւորգյանը բավական լուրջ սխալ թույլ տվեց, եւ արդյունքում հաղթանակ տոնելու փոխարեն պարտություն կրեց: Անհաջողության մատնվեց նաեւ Սիրանուշ Ղազարյանը, որը սպիտակներով զիջեց դարձյալ Ադրբեջանի ներկայացուցիչ Զեյնաբ Մամեդյարովային, որին նախորդ տուրում հաղթել էր Մարիա Կուրսովան: Իսկ ահա ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Սարգսյանը սեւերով պարտության մատնեց չեխ Նատաշա Ռիխտերովային, վաստակեց 4 միավոր եւ առաջ անցավ Մարիա Գեւորգյանից: Վաղը կկայանան 9-րդ տուրի պարտիաները, որոնք անչափ կարեւոր նշանակություն ունեն մեր առաջատար շախմատիստուհիների համար: