Էլինա Դանիելյանին չհաջողվեց շարունակել հաղթարշավը (տեսանյութ)
Սլովակիայում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում այսօր կայացան 4-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանին չհաջողվեց շարունակել նախորդ երկու տուրերում տարած հաղթարշավը եւ ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայայի հետ մրցավեճում բավարարվեց ոչ-ոքի արդյունքով: Նա այժմ 3 միավորով կիսում է 8-23-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեն, որն այսօր չորրորդ անընդմեջ հաթանակը տարավ: Նրան հաջորդող վեց շախմատիստուհիները վաստակել են 3,5-ական միավոր: Այս տուրում մեր պատվիրակներից հաջող հանդես եկան Սիրանուշ Ղուկասյանն ու Մարիա Կուրսովան, որոնք հաղթեցին իրենց մրցակիցներին եւ բարելավեցին մրցաշարային գործերը: Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գեւորգյանը հաշտություն կնքեցին իրենց ախոյանների հետ, իսկ ահա Աննա Սարգսյանը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց: Նրանք առայժմ 48-րդ հորիզոնականից ցածր տեղեր են զբաղեցնում: Հաջորդ, 5-րդ տուրը, տեղի կունենա վաղը, ապրիլի 12-ին: