Էլինա Դանիելյանը առաջին հաղթանակը տարավ Եվրոպայում
Սլովակիայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական 19-րդ առաջնությունում այսօր կայացան 2-րդ տուրի պարտիաները: Մեր առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը առաջին հաղթանակը տարավ մրցաշարում՝ սպիտակներով պարտության մատնելով Վրաստանի ներկայացուցիչ Միրանդա Միկաձեին: Մեկական միավոր վաստակեցին նաեւ Սիրանուշ Ղուկասյանն ու Մարիա Գեւորգյանը: Առաջինը հաղթեց իր հայրենակից Լիլիթ Մկրտչյանին, իսկ երկրորդը պարտության մատնեց իտալացի Մարիա Պալմային: Առաջին տուրում հաղթանակ տարած Աննա Սարգսյանն այս անգամ ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Դարյա Վոյտի հետ: Ավաղ, անսպասելի պարտություն կրեց Մարիա Կուրսովան, որը սպիտակներով տանուլ տվեց Հունգարիայի ներկայացուցիչ Թրան Հոն Թանին: Երկու տուրից հետո Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը եւ Աննա Սարգսյանը վաստակել են 1,5-ական միավոր: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են 13 հոգի, որոնք մեկնարկում տարել են երկուական հաղթանակ: Վաղը կայանալիք 3-րդ տուրում մեր շախմատիստուհիները կհանիպեն տարբեր երկրների ներկայացուցիչների հետ. Մարինա Բրունելո (Իտալիա) – Էլինա Դանիելյան Աննա Սարգսյան – Յուլյա Շվայգեր (Իսրայել) Նինո Բաթիաշվիլի (Վրաստան) – Սիրանուշ Ղուկասյան Մարիա Գեւորգյան – Կետեւան Առախամիա-Գրանտ (Շոտլանդիա) Լիլիթ Մկրտչյան – Ալեքսանդրա Ժերեբցովա (Ռուսաստան) Էլիզաբեթ Հապալա (Ավստրիա) - Մարիա Կուրսովա Նշենք, որ այս առաջնությունում բացի մեդալներից խաղարկվում են նաեւ նոկաուտ մրցակարգով անցկացվող աշխարհի կանանց առաջնության 14 ուղեգրեր: