Առաջին անգամ Հայաստանում
Ապրիլի 15-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սուսերամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցի 31 երկրի մոտ 300 մարզիկ-մարզուհի: Այդ մասին հայտնում է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: Առաջնությունը կկայանա Երեւանի պետական համալսարանի նորակառույց մարզադահլիճում: Այս կարեւորագույն ստուգատեսին Հայաստանը կներկայանա 16 մարզիկով: Հայ սուսերամարտիկները հանդես կգան խոցասուսեր եւ ճկասուսեր մրցաձեւերում: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալիկ Նավասարդյանն արդեն հրապարակել է Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականի կազմը: Խոցասուսեր. կանայք՝ Էմմա Պողոսովա, Լիլիթ Էվոյան, Ինեսա Բաբախանովա, Նաիրա Համազասպյան, տղամարդիկ՝ Էդուարդ Հովիկյան, Վահագն Գրիգորյան, Արմեն Գրիգորյան, Աբրահամ Սարգսյան: Ճկասուսեր. կանայք՝ Անահիտ Ալոյան, Հասմիկ Աղաբաբյան, Արփինե Աթոյան, Սեդա Գեւորգյան, տղամարդիկ՝ Մայքլ Հովհաննիսյան, Արմեն Դալլաքյան, Պարգեւ Ստեփանյան, Հենրիկ Բալիկյան: