«Քաղաքացին հույսը դրել է լոտոների վրա» (տեսանյութ)
Այն վիճակագրությունը, որը ցույց է տալիս կառավարությունը՝ 7,5 տոկոս տնտեսական աճ, արժանահավատ չէ, ասում է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը: «Եթե լավ լիներ, այսքան արտագաղթ չէինք ունենա, չհաշված գործազրկության ցուցանիշը»: Ինչու չի նկատում հասարակությունն այդ տնտեսական աճը, Բաբկեն Պիպոյանն իր բացատրությունն ունի: «Նվազագույն զամբյուղը նախատեսված է կենսաթոշակառուների եւ նվազագույն աշխատավարձ ստացողների համար: Մենք նվազագույն զամբյուղում ունենք 7,5 տոկոս գնաճ, բայց այս մարդկանց համար այդ թիվը չի ապահովվել, նրանց եկամուտները չեն աճել: Արհեստական եղանակով տնտեսական ցուցանիշներն ակտիվացնելը չի ստեղծում այն արդյունքները, որոնք պետք է լինեն»: Բուքմեյքերական գրասենյակները սկսել են պետությանը շատ փող մուծել, ասում է Բաբկեն Պիպոյանը: «Հիմա քաղաքացու կյանքը սկսել է լավանա՞լ, թե՞ վատանալ: Կա վիճակագրություն, որ լոտոները, վիճակախաղերը տարածվում են այն հասարակությունում, որտեղ քաղաքացին հույս չունի եւ իր հույսը դրել է խաղերի արդյունքում շահած գումարի վրա»: Ըստ Բաբկեն Պիպոյանի, չունենք եկամուտների աճ, փոխարենը ունենք գնաճ: «Պետությունը մի կողմից ցույց է տալիս, որ բիզնեսին չի նեղացնում: Նախորդ կառավարություններն էլ հայտարարում էին, որ բիզնեսին չեն խոչընդոտելու, բայց գնում ես բիզնեսի մոտ, ասում է՝ սպանում են»: Ըստ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի, Հայաստանի խնդիրը այն է, որ էլիտայի մոտ ցանկությունը չկա իրավիճակ փոխելու: «Սա խնդիր է, որը չի լուծվում: Իշխանության մնալու հարցն ավելի կարեւոր է, քան երկրի զարգացումը: Դրանով պայմանավորված են նաեւ մեր տնտեսական անհաջողությունները կամ կիսատ-պռատ հաջողությունները»: