Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայթյունից տուժածներն ապաքինվում են (տեսանյութ)

Քաղաքականություն
paytyun

«Բուրգեր քինգ» արագ սննդի կետում  ածխաթթու գազի  20 կգ-անոց բալոնի պայթյունից տուժողներից  մեկը  Ռուսաստանի քաղաքացի  Լիզա Աբրահամովան է, որին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Լիզա Աբրահամովան հիշում է.  «Դուրս գալու պահին պայթյուն տեղի ունեցավ: Ես ընկա, իսկ իմ ընկերները հասցրին դուրս գալ»: Մոսկվայաբնակ  աղջիկն իր դպրոցական ընկերների հետ որոշել էր գարնային  արձակուրդներն այստեղ անցկացնել:  Յարոսլավ Լյուբենկոն, որը  նույնպես այս  խմբի  մեջ էր,  բեկորային վնասվածք է ստացել:  «Բեկորային վնասվածք է, կարել են: Հիմա լավ եմ զգում ինձ»:  Ըստ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանի,  ռուս քաղաքացիները վաղն արդեն կլինեն Մոսկվայում, բուժանձնակազմն անձամբ նրանց կուղեկցի  օդանավակայան: Հիվանդանոց տեղափոխվածներից երկուսը՝  Իրանի քաղաքացիներ Էրիկ Աշուղյանը եւ Զեյնա Հուսեինն արդեն դուրս են գրվել եւ մեկնել  Հայաստանից: 8 տուժողներից ամենածանրը 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի վիճակն է, որն այս պահին շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում:  «Ամբողջ գիշեր վիրահատվել է:  Աջ կոնքի շրջանում պատռված վերք էր, որը կարվեց: Վիճակը առայժմ մնում է ծանր, բայց կարգավորվում է», ասում է Գագիկ Մանուկյանը: Ռուբինայի եղբայրը՝ 6 տարեկան Ռուդոլֆ Մարկոսյանը ունի  զույգ սրունքների առաջնային մակերեսի քերծվածքներ եւ աջ հոնքի վրա մեկ կար է դրված: Վիճակը գնահատվում է բավարար: Քույրն ու եղբայրը, ինչպես նաեւ սննդի կետի մենեջեր Զարուհի Մելիքյանը դեռ կշարունակեն մնալ հիվանդանոցում: Կազմակերպությունն արդեն հոգացել է տուժածների բուժման ծախսերը:  Հյուսիսային պողոտայում գտնվող  «Բուրգեր քինգ» սննդի կետն առավոտյան փակ էր եւ կապարակնքված։  «Բուրգեր քինգ Արմենիա»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ինգա Հարությունյանը  հայտնեց, որ վերանորոգումից հետո այն կվերաբացվի: Անդրադառնալով մեղավորներին՝  Ինգա Հարությունյանը նշեց, որ հստակ ոչինչ ասել չի կարող, չգիտեն ինչպես է տեղի ունեցել դեպքը:  Տեղի ունեցածի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է: