«Շիրակը» սեփական դաշտում վստահ հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը երկշաբաթյա դադարից հետո, որը կպված էր ազգային թիմի խաղերի հետ, այսօր կրկին վերսկսվեց: 20-րդ տուրի մեկնարկային խաղում Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում ընդունեց Երեւանի «Փյունիկին»: հանդիպման առաջին կեսում թիմերին չհաջողվեց գոլ խփել, իսկ ահաընմիջումից հետո դաշտի տերերը երկու անգամ գրավեցին հյուրերի դարպասը եւ վստահ հաղթանակ տարան՝ 2:0: Գյումրեցիների կազմում աչքի ընկան Վարդան Բակալյանն ու Մուսա Բակայոկոն: Այս հաղթանակից հետո «Շիրակը» վաստակեց 31 միավոր եւ միանձնյա ամրապնդվեց 2-րդ հորիզոնականում: «Փյունիկն» այս մրցաշրջանում կրեց ութերորդ պարտությունը եւ վաստակած 24 միավորով մնաց 5-րդ տեղում: Տուրի մյուս խաղերը տեղի կունենան ապրիլի 1-ին: Մրցաշարի առաջատար «Ալաշկերտը» իր հարկի տակ կհանդիպի 3-րդ տեղում գտնվող «Գանձասար-Կապանին», իսկ 4-րդ հորիզոնակում ընթացող «Բանանցը» սեփական դաշտում կընդունի առաջնության հետնապահ «Արարատին»: