Հայաստան – Լիտվա. Հանդիպում հաղթանակի կարոտ մնացած մրցակցի հետ (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը այսօր կանցկացնի մրցաշրջան-2018-ի երկրորդ հանդիպումը: Մեր ընտրանին սեփական դաշտում կհյուրընկալի Լիտվայի ընտրանուն: Սա երկու երկրների ազգային թիմերի թվով չորրոդ հակամարտությունն է: Նախկինում կայացած երեք ընկերական խաղերում երկու անգամ հաղթանակ է տարել Հայաստանը, մեկ անգամ՝ Լիտվան: Սակայն խփած եւ բաց թողած գնդակներով կողմերից ոչ մեկը չունի առավելություն՝ 6:6: Լիտվայի ներկայիս հավաքականը դժվար մրցակիցներից չէ: Վերջին տարիներին լիտվացի ֆուտբոլիստները հազվադեպ են ճաշակել հաղթանակի բերկրանքը: Մասնավորապես՝ 2015 եւ 2016 թվականների նրանք տարել են մեկական հաղթանակ, իսկ 2017-ին ընդհանրապես չեն կարողացել որեւէ խաղ ավարտել իրենց օգտին: Լիտվայի հավաքականը միաժամանակ աչքի չի ընկնում արդյունավետությամբ 2017 թվականին անցկացրած 7 խաղերում նրանք միայն երկու անգամ են կարողացել գրավել մրցակիցների դարպասը: Նոր մրցաշրջանը լիտվացի ֆուտբոլիստները անչափ անհաջող են սկսել՝ Թբիլիսիում ջախջախիչ պարտություն կրելով Վրաստանի ընտրանուց՝ 0:4: Բուկմեյքերական գրասենյակները, բնականաբար, այս խաղում նախապատվությունը տալիս են Հայաստանի հավաքականին, որի հաղթանակը գնահատել են 1,65 գործակից: Լիտվացիների համար սահմանվել է 5,70 գործակից: Հիշեցնենք, որ Հայաստան – Լիտվա ֆուտբոլի ընկերական հանդիպումը կկայանա այսօր, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 19:00-ին: Ֆուտբոլասերները խաղի տոմսերը կարող են ձեռք բերել միայն մարզադաշտի տոմսարկղերում: Այս խաղը հավանաբար կլինի Հայաստանի հավաքականի վերջին տնային հանդիպումը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մեկնարկից առաջ, քանի որ ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած տեղեկատվության, Հայաստանի հավաքականի տնային հանդիպումների տարեկան աբոնեմենտների մեջ ընգրկված են ընկերական երկու եւ Ազգերի լիգայի երեք խաղ: