Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում ուսումնասիրում են առևտրային խոշոր կենտրոնների հակահրդեհային համակարգերը

Կարևոր լուրեր Պաշտոնական
f83anhrpiwc1k6brnezspr6pjt.thumb_-1

Մարտի 25-ին ՌԴ Կեմերովո քաղաքում «Զիմնյայա վիշնյա» առևտրային խոշոր կենտրոնում տեղի ունեցած հրդեհից հետո Հայաստանում Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները ուսումնասիրում են առևտրային խոշոր կենտրոնների հակահրդեհային համակարգերը, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ «Չնայած զանգվածային լրատվամիջոցների օգնությամբ ՀՀ ԱԻՆ կողմից տարածված տեղեկատվությանը՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի շարք օգտատերեր, մտահոգված լինելով Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգությամբ, շարունակում են հարցնել, թե արդյոք ՀՀ ԱԻՆ-ը իրականացնում է ստուգումներ Հայաստանի առևտրային կենտրոններում: Հայտնում եմ, որ 2018թ.-ի սկզբից ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացրել մարդկանց զանգվածային կուտակում ունեցող 50-ից ավելի օբյեկտներում (հյուրանոցներ, սննդի կետեր, առևտրի կենտրոններ, մարզամշակութային հաստատություններ և այլն): Հետազոտությունները շարունակվում են: Հենց այս պահին մեր փորձագետները «Դալմա մոլ» առևտրի կենտրոնում են հետազոտություն իրականացնում: Բոլոր այն օբյեկտներում, որտեղ առկա են եղել բացթողումներ, ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ հայտնաբերված թերությունների վերացման համար համապատասխան ցուցումներով ու ժամկետներով», իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԱԻՆ լրատվական ծառայության պատասխանատու Նանա Գնդոյանը։ Տեղեկացնենք, որ Կեմերովոյում հրդեհի հետևանքով 64 մարդ էր մահացել, որից 41-ը՝ երեխաներ։