Կ. Զատուլինը կոչ արեց լուրջ չվերաբերվել Ալիեւի հայտարարություններին (տեսանյութ)
ՌԴ-ն հետեւություններ է արել 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից, հատկապես, երբ ՀՀ-ում դժգոհությունների մեծ ալիք բարձրացրեց Ադրբեջանին ՌԴ զենք մատակարարելու փաստը: «Մենք ցավում ենք, որ Ադրբեջանում այդ զինամթերքի կիրառման այլ տարբերակ չգտան, քան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման համար, որը գործում է նաեւ մեր միջնորդությամբ, 1994թ.: ՀՀ-ին ՌԴ-ն տրամադրել է պաշտպանողական համակարգերի ամենաժամանակակից միջոցները, որոնք դուք կարողացել եք տեսնել սեպտեմբերի 21-ի շքերթին»,- ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Կոնստանտին Զատուլինը, որը ՀՀ ԱԺ-ում մասնակցում էր արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ նիստին. անդրադարձավ նաեւ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, թե Երեւանը, Սեւանը, Զանգեզուրն իրենց տարածքներն են: Պարոն Զատուլինը կոչ արեց լուրջ չվերաբերել նման հայտարարություններին. «Ես մաքսիմալ կոռեկտ կցանկանայի արտահայտվել՝ հաշվի առնելով այն, որ եթե այսօր ինձ լսում են հայկական ԶԼՄ-երը, վաղը իմ մասին շատ բաներ կկարդամ ադրբեջանական մամուլում: Հաշվի առնելով, որ այսօր ոչինչ հնարավոր չէ թաքցնել, ես ուղղակի ուզում եմ ասել, որ Ադրբեջանի նախագահն իր դիրքերը թուլացրեց միջազգային ասպարեզում՝ հանդես գալով նման հայտարարությամբ: Այդ հայտարարությունն, ամենայն հավանականությամբ, հաշվարկված էր ներքին լսարանի համար՝ նկատի ունենալով Ադրբեջանում կայանալիք առաջիկա ընտրությունները: Այն չի դիմանում ոչ պատմական, ոչ քաղաքական ոչ մի քննադատության: Ուղղակի անհասկանալի է, թե ինչպես կարող է որեւէ մեկը լուրջ վերաբերի այդ հայտարարությանը»: «ՌԴ-ն դեմ է ռազմական ճանապարհով հարցի լուծմանը»,-վստահեցնում է Կոնստանտին Զատուլինն՝ ավելացնելով, որ Ղարբաղյան հակամարտությունն ունի կարգավորման միայն մեկ՝ խաղաղ ճանապարհ. «Ես չեմ խուսափում որեւիցե հարցից, սակայն ուզում եմ ասել, որ ՌԴ-ն պատրաստվում է կատարել իր գործընկերային համաձայնությունները ՀՀ նկատմամբ՝ անվտանգության եւ սպառազինման առումով: Հետագայում նույնպես՝ ՀԱՊԿ շրջանակներում ՌԴ-ն ՀՀ նկատմամբ սպառնալիքը միշտ կդիտարկի որպես իր նկատմամբ սպառնալիք»: Ժամանակին ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովն ասել էր, որ ՀՀ-ն ՌԴ ֆորպոստն է, արդյոք այսօր նույնպե՞ս ՌԴ-ում նույն կարծիքին են. «Ես կարող եմ կրկնել այն, ինչ ժամանակին ասել է իմ երջանկահիշատակ ընկերը՝ Վազգեն Սարգսյանը, ՌԴ-ն ունի իր Իսրայելը Անդրկովկասում: Ես համաձայն եմ Գրիզլովի հետ, հուսով եմ՝ նա նույնպես ինձ հետ համամիտ է»: Պարոն Զատուլինին լրագրողները հիշեցրին, որ նա ժամանակին դեռ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին ոսկե ռուլետկա էր նվիրել, այսօր ի՞նչ նվիրեց նրան. «Դա եղավ այն բանից հետո, երբ ՀՀ-ն հերթական անգամ հաղթեց շախմատի օլիմպիադայում: Ես նրան ընդամենը մաղթեցի, որ ժամանակ առ ժամանակ հանգստանա շախմատից: Սերժ Սարգսյանը եւ քաղաքականության, եւ շախմատի մեջ հմուտ շախմատիստ է: Այս անգամ մենք նվերներով չփոխանակվեցին, սակայն պայմանավորվեցինք հաջորդ հանդիպման համար»: Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա պարոն Զատուլինն այն համոզմանն է, որ դրանց ճակատագիրը կախված է ոչ թե Ադրբեջանի քմահաճույքներից, այլ նրանից, թե Թուրքիայի նախագահ Էրդողանն ինչ ընտրություն կանի՝ դառնալ մուսուլմանական աշխարհի նախագահ, թե՞ ԵՄ օրինապահ անդամ: