«10 բժշկից 8-ը չի կարող դեղի քիմիական բաղադրատոմսը ճիշտ գրել» (տեսանյութ)
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ներկա չէ «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներին։ «Սա արհամարհանք է խորհրդարանի հասցեին եւ, երբ ապրիլի 9-ից նոր Սահմանադրությունն ամբողջապես կմտնի ուժի մեջ, դրույթը, որ կառավարության առանձին անդամների դեպքում հարցապնդման արդյունքում կարելի է բարձրացնել նրանց հրաժարականի հարցը, ես կարծում եմ, որ «Ծառուկյան» դաշինքը կօգտվի այդ հնարավորությունից, և այն նախարարների, որոնք իրենց պատվից ցածր են համարում գալ այստեղ և պատասխանել լրջագույն հարցերին, նմանօրինակ նախարարների հրաժարականի հարցը մենք անպայման կքննարկենք և կբարձրացնենք»։ Հիվանդը չպետք է որոշի, ինքը հիվանդ է, թե ոչ, և գնա՝ դեղատնից վերցնի իրեն անհրաժեշտ դեղը, ասում է Զոհրաբյանը: «Բայց, ինչպես միշտ, մենք գալիս ենք վերջից։ Այստեղ անընդհատ հղում են անում ԵՄ երկրներին, բայց այնտեղ կա առողջապահական ապահովագրական համակարգ եւ բացարձակապես այլ մեխանիզմներ են գործում։ Եթե քաղաքացին գնում է դեղատուն՝ դեղ գնելու, և նրան ասում են՝ 200 դրամանոց դեղ գնելու համար 20 հազար դրամանոց հետազոտություն պետք է անցնես, հետազոտության գումարը ոչ թե վճարում է հիվանդը, այլ ապահովագրական համակարգը։ Հիմա մենք, չունենալով ապահովագրական համակարգ, գալիս ենք ամենավերջին կետը վերցնում ու ասում ենք՝ սա միջազգային փորձ է։ Միջազգային փորձ է նաեւ ունենալ բժիշկներ, որոնք կարող են գրագետ կերպով գրել դեղատոմս։ Ես գրազ եմ առաջարկում ԱՆ-ին՝ միասին մտնենք 10 բժշկից 8-ին տանք «Անալգին» դեղի քիմիական բաղադրատոմսը, վստահեցնում եմ, որ 10-ից 8-ը չի կարող ճիշտ գրել, ոչ թե այն պատճառով, որ վատ բժիշկներ են։ Նրանք չեն կարող դեղի քիմիական բաղադրությունը գրել։ Այս խնդիրների համակարգը լուծեիք, հասկանայիք՝ ունե՞նք պրոֆեսիոնալ դեղագործներ համակարգում, կամ գրագետ բժիշկներ, ովքեր կարող են ճիշտ ախտորոշում անել»։ Ըստ Զոհրաբյանի, այս որոշմամբ կանաչ ճանապարհ է բացվելու դեղի «մաֆիայի» համար. «Մենք ունենք բազմաթիվ դեմքեր, ովքեր դեղ են ներկրում, ունեն հիվանդանոցներ, դեղատներ, ուրեմն՝ իրենց հիվանդանոցներում ուղղորդելու են դեպի այն դեղատները, իրենց հիվանդանոցի բժիշկը գրելու է այն դեղի անունը, որը տվյալ օլիգարխն անձամբ է ներկրում։ Ո՞վ չի հասկանում, թե սա ինչ մոնոպոլիայի է տանելու»։ Նաիրա Զոհրաբյանն իր խոսքն ավարտեց անեկդոտով. «Առողջապահությունն աշխարհում մեծ քայլերով է զարգանում, բայց իմ տպավորությամբ՝ թռիչքով անցել է Հայաստանի վրայով»։