Խոդորկովսկին՝ Սկրիպալի գործի և ընտրությունների մասին (տեսանյութ)
ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին սեփականատել Միխաիլ Խոդորկովսկին DW-ի ռուսական խմբագրությանը տված բացառիկ հարցազրույցում կիսվել է մարտի 18-ին կայանալիք նախագահի ընտրություններից առաջ և հետո Ռուսաստանում իրավիճակի իր տեսլականով. «Ես համարում եմ, որ ռուսաստանյան հասարակության այսօրվա վիճակի համար չափազանց կարևոր է, որպեսզի այն մարդիկ, ովքեր պատրաստ են տալ որոշակի քաղաքական մեսիջ, տան այն»: «Եթե դուք ունեք հստակ թեկնածու, որի օգտին դուք կքվեարկեիք, պարզագույն տարբերակն է. գնում ու քվեարկում եք»,- ասում է նա: Եթե չկա թեկնածու, Խոդորկովսկին այդպիսիներին առաջարկում է լինել դիտորդ կամ դուրս գալ փողոց բողոքելու, կամ գնալ ընտրատարածք և փչացնել ընտրաթերթիկը՝ գրելով սեփական քաղաքական հաղորդագրությունը: Խոդորկովսկու կարծիքով հասարակության մեջ տիրող նյարդայնությունը մի քանի գործոնի հետևանք է. առաջինը՝ դա պաշտոնյաների նյարդայնությունն է, ովքեր հասկանում են, որ կարող են «գլխին ստանալ», երկրորդը՝ դա հնարավոր փողոցային բողոքներն են, և երրորդը՝ մտածող մարդկիկ են: Բոլորի մոտ կա մի մտահոգություն՝ ինչ է սպասում մարտի 19-ից հետո: Եթե Պուտինը ստանա մանդատը ևս վեց տարով: Խոսելով ՌԴ քաղաքական իր տեսլականի մասին Խոդորկովսկին նշել է. «Ռուսաստանի համար չկա այլ ընդունելի մոդել՝ զարգացման եվրոպական մոդելից բացի: Յուրաքանչյուր երկիր ունի իր հատուկ ճանապարհը: Սակայն քաղաքակրթական մոդելների քանակը սահմանափակ է: Դրանք երեքն են: Եվրոպական, իսլամական և չինական՝ կոնֆուցիոսյան: Ոչ իսլամական, ոչ կոնֆուցիոսյան մոդելները մեզ չեն համապատասխանում, մենք՝ եվրոպական մշակույթի մարդիկ ենք», -ասում է նա: Մոսկվայի և Լոնդոնի միջև արտաքին քաղաքական լարվածության ներուժը գնահատելով՝ Միխաիլ Խոդորկովսկին ասում է. «Եթե հաշվի չառնենք Վլադիմիր Պուտինի վերջին ելույթը, ես կասեի, որ վերջին հաշվով մենք այնուամենայնիվ գործ ունենք նորմալ մարդկանց հետ, իրենք հակված չեն ինքնասպանության: Սակայն վերջին ելույթը ստիպեց ինձ մի փոքր կասկածել դրանում»: Ավելին՝ տեսանյութում