Լոնդոնը սկսել է պատժել Մոսկվային
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը քիչ առաջ հայտարարել է, որ պաշտոնական Լոնդոնը պատրաստվում է բարձրացնել Ռուսաստանի կողմից քիմիական զենքի օգտագործման իրավասության և մարդու իրավունքների խախտման հարցերը ոչ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում, այլ նաև վաղը՝ ՆԱՏՕ-ի ղեկավար կազմում: Նրա գնահահատմամբ, ոտնահարվել է ոչ միայն մարդու իրավուքնները, այլ նաև Մեծ Բրիտանիայի ինքնիշխանությունը: «Դա քիմիական զենքի օգտագործման միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և մեծ վտանգ է ներկայացնում միջազգային հանրության համար: Սա կամ ռուսական պետության ուղիղ գործողություն է մեր երկրի դեմ, կամ ռուսական կառավարությունը կորցրել է այդ վտանգավոր թունավոր նյութի նկատմամբ վերահսկողությունը և թույլ է դրանք ընկնեն երրորդ կողմի ձեռքը»-, հայտարարել է նա Մեծ Բրիտանիայի խորհրդարանում: Վարչապետը նաև կոչ է արել անգլիական թագավորական ընտանիքի ոչ մի անդամին չմասնակցել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի չեմպիոնատին և խստացնել վերաբերմունքը ռուսաստանյան պաշտոնյաների նկատմամբ: «Վիեննայի կոնվենցիայի համաձայն ես արդեն պահանջել եմ մեկ շաբաթվա ընթացքում հեռանալ մեր երկրից 23 ռուս դիվանագետներին: Մենք կուժեղացնենք մասնավոր բոլոր ուղևորափոխադրումները, կսառեցնենք Ռուսաստանի պետական ակտիվները, եթե հաստատենք, որ դրանք օգտագործվում են Մեծ Բրիտանիայի որևէ քաղաքացու կամ բնակչի կյանքի կամ սեփականության վնասելու համար»,- ասել է նա: Թերեզա Մեյը հայտնել է, որ խոսել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ, և բոլորը համակարծիք են Մեծ Բրիտանիայի հետ: Սատարելու մասին հայտարարել են նաև Կանադան և Ավստրալիան: Վարչապետի դիրքորոշումը պաշտպանել են ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը և մյուս խմբակցությունները: Հիշեցնենք, որ մարտի 4-ին բրիտանական Սոլսբերի քաղաքում թունավորման ախտանիշով հոսպիտալացրել էին ռուսաստանյան հետախուղական վարչության նախկին աշխատակից 66-ամյա Սերգեյ Սկրիպալին և նրա 33-ամյա դստեր Յուլիային, ինչպես նաև տեղական ոստիկանության աշխատակից սերժանքտ Նիկ Բեյլիին: Մարտի 12-ին Մեծ Բրինտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Բրիտանիայում բնակվող ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալը թունավորվել է նյարդային համակարգը կաթվածահար անող շատ ուժեղ նյութով, որը մշակվել է Ռուսաստանում: Նա պահանջել է Ռուսաստանից մինչև մարտի 13-ի երեկոն պարզաբանել տեղի ունեցածի կապակցությամբ, հակառակ դեպքում միջադեպը կընկալվի որպես Ռուսաստանի կողմից Միացյալ Թագավորության նկատմամբ ուժի կիրառում: ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, թե ռուսական կողմը չի պատասխանի «Սկրիպալի գործով» Լոնդոնի վերջնագրին, քանի դեռ Մեծ Բրիտանիան չի կատարել քիմիական զենքի արգելքի հարցով համաձայնագրի իր պարտականությունները: Աղբյուրն՝ այստեղ