Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախում սկսված է խորքային հորերի հորատումը. գյուղնախարար

Պաշտոնական
82292

 «Հայաստան» համահայկական հիմնադրամի խորքային հորերի հորատման ծրագրով արդեն սկսված են 4 հորի փորման աշխատանքները: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը՝ նշելով, որ, ընդհանուր առմամբ, Հիմնադրամի միջոցներով նախատեսվում է 37 խորքային հորերի հորատում: Արդյունքում նախատեսվում է լրացուցիչ շուրջ 900 հա տարածք դարձնել ոռոգելի. դրանից, նախնական տվյալներով, օգտվելու է 850 ընտանիք: «Ընտրել ենք այնպիսի տարածքներ, որոնք սակավաջուր են, և մակերևույթային ջրերը հասանելի չեն: Ընդհանուր առմամբ՝ մեր մակերևույթային ջրերով տեսականորեն հնարավոր է ոռոգել 16 հազար հա գյուղատնտեսական նշանակության տարածք՝ հիմնականում վարելահողեր և այգիներ: Սակայն 16 հազար հա-ը խիստ հարաբերական է: Այն պայմանավորված է տվյալ տարվա մեջ հանրապետությունում տեղումների քանակով և գետերում ու ջրամբարներում ջրի պաշարով: Հետևաբար, մակերևութային ջրերը հեռահար ծրագրերի և, մանավանդ, ջրամբարներից հեռու տարածքների համար փոքր-ինչ ռիսկային են: Խորքային հորերի մասով պաշարներն ավելի կայուն են և ծրագրերի համար ավելի կանխատեսելի»,- մանրամասնել է Ժ. Միրզոյանը: Նախարարը տեղեկացրել է նաև, որ 37 խորքային հորերը հիմնականում նախատեսած են Մարտունու շրջանում, որտեղ մակերևույթային ջրեր գրեթե չկան կամ չափազանց քիչ են, Ասկերանի շրջանի այն հատվածներում, որտեղ հասանելի չեն շրջանի տարածքով հոսող հիմանական գետերի՝ Կարկառի և Խաչենի ջրերը, ինչպես նաև մեկը՝ Հադրութի շրջանում: «Փորձել ենք հանրապետությունում այս կերպ պահպանել գյուղատնտեսության մեջ աշխուժության համաչափությունը: Ունենալով խորքային հորեր՝ մենք ակնկալում ենք բերքատվության մոտ 2 անգամ բարձրացում: Նշված հողատարածքներում ջրի պաշարների բավարարման դեպքում՝ կշարունակենք ընդլայնել ոռոգովի տարածքները»,- ընդգծել է գյուղնախարարը:


ԱՀ քաղաքացի չհանդիսացող մեր բոլոր հայրենակիցներին, Արցախում հողի սեփականության իրավունք կտրվի. գյուղնախարար

Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող մեր բոլոր այն հայրենակիցներն, ովքեր իրենց ուժերով և սեփական ներդրումներով Արցախում արտադրական նշանակության այգիներ կհիմնեն, նախատեսվում է հողի սեփականաշնորհման իրավունք տալ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը՝ մեկնաբանելով, որ գերատեսչության կողմից այս առումով առաջարկ է լինելու հողային օրենսգրքում բացառություն սահմանել մեր այդ հայրենակիցների համար: «Սահմանադրությամբ հնարավորություն չկա հողը վաճառելու կամ սեփականության իրավունքով տրամադրելու օտարերկրյա քաղաքացիներին՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Կարծում եմ՝ մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր հանդիսանում են այլ երկրների քաղաքացիներ, եթե ցանկություն ունենան Արցախում այգեգործության զարգացման համար իրենց ծանրակշիռ ներդրումը ունենալ, բացառիկ իրավունք պիտի ունենան նաև սեփականություն ունենանալու: Սա մեր պատկերացումն է»,- ասել է գյուղնախարարը: Միրզոյանի խոսքով՝ նախատեսվում է հողի սեփականաշնորհման իրավունք տալ նաև ԱՀ այն քաղաքացիներին, ովքեր ունեն արտադրական նշանակության այգիներ, սակայն դրանք գտնվում են վարձակալած հողերում: