Ժիրինովսկի. Արևմուտքը սատարում է ռուսաստանյան կոմունիստին (տեսանյութ)
Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններին Արևմուտքը սատարում է Կոմունիստական կուսակցության կողմից առաջադրված մեծահարուստ Պավել Գրուդինինին: Այս մասին ԵԱՀԿ ներկայացուցիչներին հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին: «Նա ձեր ծուղակում է: Նրա արտասահմանյան բանկային հաշիվները, ունեցվածքը, տները, չափահաս զավակներն ու բնակության իրավունքը ՆԱՏՕ-ի անդամ երկրներ Իսպանիայում կամ Լատվիայում են: Բայց մի թե կարծում եք, որ մենք թույլ կտանք ՆԱՏՕ-ական որևէ մի գործակալի դառնալ մեր նախագահը: Երբեք այդպես չի լինելու, բայց դուք սրում եք իրավիճակը», - ասում է նախագահի թեկնածուն: Վ.Ժիրինովսկու պնդմամբ՝ Արևմուտքը միշտ սխալմամբ սատարել է Ռուսաստանում նրանց, ովքեր երբեք չեն դառնա ոչ նախագահ ոչ իշխող կուսակցություն: «Դուք սատարել եք Յավլինսկու, Նեմցովին, Ռիժկովին, Գուդկովին, Նավալնիին: Կարող եք ևս մի հարյուր նման մարդ ընտրել, բայց նրանք երբեք իշխանության Ռուսաստանում չեն գա: Ձեզ մոտ ճիշտ երկրների՝ Ֆինլանդիան, Լեհաստանը, Սլովակիա, ստանդարտն են, բայց Ռուսաստանը այլ է: Հենց այդ պատճառով էլ մեզ մոտ առաջանում են հակասություններ, ինչը վաղ թե ուշ պատերազմի կհանգեցնի: Միայն ես կարող եմ դառնալ այդ թեկնածուն: Եթե դուք կումունիզմին դեմ եք՝ ես հակակոմունիստ եմ, եթե դեմ եք ֆաշիզմի՝ ես հակաֆաշիստ եմ: Եվ ինձ շատ մարդ կտա իր քվեն և Կրեմլը ստիպված կլինի գնալ զիջումների», - ասում է նա: Ըստ Ժիրինովսկու՝ 90-ական թվականին իր ղեկավարած կուսակցության շնորհիվ միայն հնարավոր եղավ Ռուսաստանում երեք անգամ կանխել դիկտատուրայի հաստատումը և պահպանել ժողովրդավարությունը, բայց դա Արևմուտքում կամ անտեսել են ,կամ դրա մասին տեղյակ չեն: Քաղաքական գործչի խոսքով՝ ևս մի անգամ ոչ ճիշտ ընտրություն անելով՝ Արևմուտքը ս Ռուսաստանի սահմանին նույն իրավիճակն է ստեղծում, ինչ Երկրորդ աշխարհամարտի նախօրյակին էր: Բայց այս անգամ հակամարտությունը կարող է ավելի ողբերգական արդյունքներ ունենալ, քանի որ Ռուսաստանը բացառիկ ռազմական տեխնոլոգիաներ ունի, ինչը ցուցադրվել էր մարտի 1-ին: «Որոշ երկրներ կջնջվեն աշխարհի երեսից ընդամենը հինգ րոպեի ընթացքում: Բայց ինչի՞ համար: Մեզ պատերազմ պետք չէ, բայց դուք ձեր զորքերն ավելի ու ավելի մոտ եք տեղակայում», - նշում է նախագահի թեկնածուն: Ռուսաստանի նախագահի ընտրությունները պետք է տեղի ունենան 2018 թվականի մարտի 18-ին: Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության համաձայն, երկրի ղեկավարը կընտրվի վեց տարի ժամկետով, հավասար և ուղղակի համընդհանուր գաղտնի քվեարկության միջոցով: Առաջադրված 9 թեկնածուներից է գործող նախագահ, ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինը, Կոմկուսից՝ Պավել Գրուդինինը, Լիբերալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, Համաժողովրդական միությունից Սերգեյ Բաբուրինը, Քաղաքացիական նախաձեռնությունից Քսենյա Սոբչակը, կոմունիստ Մաքսիմ Սուրայկինը, գործարարների իրավունքների պաշտպանության լիազոր Բորիս Տիտովը, «Յաբլոկո»-ից Գրիգորի Յավլինսկին: