Ալեւիները հայերից ներողություն են խնդրել (տեսանյութ)
Ֆրանսիայում Ալեւիների միության ֆեդերացիայի անդամները ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցչների հետ Հայաստանում են։ Դարեր շարունակ ալեւիները, հայերը, քրդերը եւ հույներն արժանացել են նույն ճակատագրին, ասում է Ֆրանսիայում Ալեւիների միության ֆեդերացիայի նախագահ Էրդալ Քըլըչկայան։ Նա ափսոսանք է հայտնում, որ չեն կարողացել կանխել հայոց ցեղասպանություն։ Կլիչկայան կոչ է անում թուրքական կառավարությանը ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Նա նաեւ ցավակցություն հայտնեց Հրանտ Դինքի սպանության համար եւ հավելեց, որ իրենք էլ են տառապել այնպես, ինչպես հայերը: Էրդալ Քըլըչկայան ընդգծեց, որ Հայաստան այցը շարունակական է լինելու եւ հայ–ալիեւական հարաբերությունները նոր թափ են ստանալու. «Համալսարաններ կատարած այցի ընթացքում հասկացանք, որ հայերն ու ալիեւիներն իրար լավ չեն ճանաչում, ուստի այս այցերն ու համագործակցության տարբեր ծրագրերը պետք է շարունականան լինել, որպեսզի հայ–ալեւիական համագործակցությունը ամրապնդվի»: Հարցին, թե առաջիկա համագործակցությունը միայն մշակութային ոլորտին է վերաբերելո՞ւ, թե՞ կունենա նաեւ քաղաքական ուղղվածություն, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ, Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի անդամ Արագած Ախոյանը նշեց, որ ալեւիների այցը շատ կարեւոր է: «Քիչ է միայն սփյուռքի ներուժով պայքարել, որպեսզի հայոց ցեղասպանությունը ճանաչվի։ Իսկ այսօր ուժեղների հետ են հաշվի նստում, եթե մեր կողքին ապրող մարդիկ կոչ են անում ընդունել ցեղասպանություն, ապա սա լավ առիթ է բոլորին համախմբվելու: Սա շատ լավ հիմք է, որ աշխարհը համախմբվի եւ մենք հասնենք մեր բաղձալի նպատակին»։ Էրդալ Քըլըչկայան չցանկացավ փակագծերը բացել, բայց եւ չբացառեց, որ առաջիկայում կլինեն համագործակցության շրջանակներ ե՛ւ մշակույթի ե՛ւ քաղաքական ոլորտում։ Նշենք, որ Եվրոպայում 2 միլիոն ալեւիներ են ապրում, իսկ Փոքր Ասիայում` ավելի քան 15 միլիոն: Ալեւիների Եվրոպական խորհուրդը ավելի քան 14 երկրում ունի ֆեդերացիաներ՝ 270 մշակութային տներով։