Գաբրիել Սարգսյանը ձեռքից բաց թողեց առաջատարին հասնելու շանսը
Այսօր Մոսկվայում ավարտվեց շախմատի «Աերոֆլոտ Օփեն» միջազգային մրցաշարը: Վերջին, 9-րդ տուրում, մրցաշարը 6,5 միավորով միանձնյա գլխավորող Վլադիսլավ Կովալյովը հանդիպեց Գաբրիել Սարգսյանի հետ: Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը չկարողացավ բարդ խնդիրներ առաջադրել սեւերի առջեւ եւ արդեն 17-րդ քայլին գրոսմայստերական ոչ-ոքի կնքեց: Այդպիսով, բելառուսցի շախմատիստը հաղթեց մրցաշարում եւ ոսկե մեդալի հետ միասին վաստակեց 18 հազար եվրո պարգեւավճար: Գաբրիել Սարգսյանը մնաց առանց մրցանակի, քանի որ համաքայլ ընթացող ութ մրցակիցներից երկուսը՝ հնդիկ Սետուրամանը եւ ռուսաստանցի Դմիտրի Գորդիեւսկին, հաղթանակ տարան եւ բարձրացան 2-3-րդ տեղեր: Հայաստանի հավաքականի անդամը, ինչպես նաեւ Տիգրան Լ. Պետրոսյանը, որը նույնպես ոչ-ոքի ավարտեց իր վերջին պարտիան եւ վաստակեց 6 միավոր, ստիպված բաժանեց 4-10-րդ տեղերը: Մեր մյուս շախմատիստներից համեմատաբար հաջող հանդես եկավ միջազգային վարպետ Արամ Հակոբյանը, որը 9 հնարավորից վաստակեց 5 միավոր եւ կիսեց 21-39-րդ տեղերը: Իսկ ահա Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը իր հնարավորություններից ցածր հանդես եկավ եւ վաստակած 3,5 միավորով զբաղեցրեց 75-րդ տեղը: