1 տարի անազատության մեջ անցկացրած Հիմնադիր խորհրդարանի անդամը շարունակելու է պայքարը (տեսանյութ)
Մեկ տարի կալանավայրում անցկացնելուց հետո նույնիսկ Հիմնադիր խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանը չի պատրաստվում հրաժարվել պայքարից: «Եթե մարդու ներսում ազատության պահանջ կա, ինքը դրանից չի կարող հրաժարվել, այսինքն պայքարը շարունակվում է: Մեկ տարին ինձ ներքին խաղաղություն տվեց կալանավայրում: Բնականաբար ինձ ձերբակալումը եւ մեկ տարով ազատությունից զրկելը կապված էր իմ քաղաքական գործունեության հետ»,- «Ա1+»-ին ասաց Արմեն Միքայելյանը: Հիմնադիր խորհրդարանի անդամը բերման էր ենթարկվել 2016 թ հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը՝ ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած ակցիային մասնակցելուց հետո։ Երբ Խորենացի փողոցի հանրահավաքն ավարտված է եղել, արդեն տուն հասնելու ճանապարհին քաղաքացիական հագուստով անձինք նրան նստացրել են մեքենան եւ տարել բաժին: Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է զենք: « Իրենք զենքը դրել են գոտկատեղիս, այնուհետեւ իրենք էլ հանել են: Առանց փաստի դատապարտեցին: Մանր -մունր հանգամանքներին դեռ չեմ անդրադառնում»: Դատարանում ցուցմունք են տվել նաեւ Արմեն Միքայելյանի հարազատները եւ նշել, որ նա զենք չի ունեցել: Դատարանը, սակայն, արժանահավատ չի համարել նրանց ցուցմունքները: «Ինձ համար առնվազն տարօրինակ է: Ընթերական, երբ իր բոլոր տվյալները խաբում է, իր տված ցուցմունքն արժանահավատ է: Նա նաեւ դատարանում նշեց, որ տվյալները խաբել է, որովհետեւ ոստիկաններից վախեցել է: Այսինքն՝ ոստիկաններից վախեցող մարդը, որը տվյաները խաբում է, իր ցուցմունքը արժանահավատ է համարվում, իսկ մտերիմներից ցուցմունքը արժանահավատ չի համարում, դա աբսուրդ է ուղղակի»,- ավելացրեց Հիմնադիր խորհրդարանի անդամը: 2017թ մարտի 17-ին հրապարակված վճռից անմիջապես հետո Արմեն Միքայելյանը կալանավորվել է. «Ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններ էին, ինձ թվում է ընտրությունների հետ էր կապված»: Արմեն Միքայելյանը պաշտպանների հետ խորհրդակցելուց հետո հնարավոր է դիմի ՄԻԵԴ: