Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր կվերսկսի ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը

Սպորտ
sport-hajastani-futbol

Այսօր երկու հանդիպումով կվերսկսի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: Երեւանի ժամանակով ժամը 14:00-ին «Ալաշկերտը» սեփական հարկի տակ կընդունի Գյումրիի «Շիրակին», իսկ «Փյունիկը»՝ «Բանանցին»: Հայաստանի գործող չեմպիոնը 30 միավորով վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Սակայն առաջնության վերջին խաղում ալաշկերտցիները 0:1 հաշվով պարտվել են իրենց գլխավոր մրցակցին՝ Կապանի  «Գանձասար-Կապանին»: Ձմեռային ընդմիջման ժամանակ թիմը երկու ուսումնամարզական հավաք է անցկացրել, բազմաթիվ խաղացողներ է փորձարկել, որոնցից 15-ի հետ պայմանագիր է կնքել: Վերջին նորեկը «Ուլիսի» նախկին պաշտպան Կոնստանտին Մորոզովն է, որի հետ պայմանագիր է կնքվել երեկ: Գյումրիի «Շիրակը» բավական անհաջող է հանդես գալիս առաջնությունում: Գյումրեցիներն արդեն 10 խաղ շարունակ չեն կարողանում հաղթանակ տոնել: Վերջին անգամ նրանք նման բերկրանք ապրել են անցած տարվա սեպտեմբերի 10-ին, ուստի թիմը հոգեպես ճնշված է։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը մի քանի ձեռքբերումներ է կատարել, սակայն, միաժամանակ, հրաժարվել է երկու լեգեոնականների ծառայություններից: Բուքմեյքերներն այս հանդիպման ֆավորիտ են համարում հենց «Ալաշկերտին», որի հաղթանակը գնահատում են 1,60 գործակցով, իսկ «Շիրակինը»՝ 5,50-ով: Երեւանի «Փյունիկը» 17 միավորով ընթանում է 5-րդ տեղում, իսկ «Բանանցը» 22-ով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Փյունիկցիներն ամեն կերպ ձգտում են կրճատել առաջատարների հետ եղած միավորների տարբերությունը եւ պայքարել մեդալների համար: «Բանանցի» խնդիրն է պահպանել առավելությունն իրեն հետապնդողների նկատմամբ եւ նվազագույնը զբաղեցնել մրցանակային 3-րդ տեղը: Երկու թիմերն  այնքան էլ ակտիվ չեն եղել տրանսֆերային շուկայում եւ անցած ամիսների ընթացքում երեքական համալրում են կատարել: Սակայն, եթե «Փյունիկից» ընդամենը երեք խաղացող է հեռացել, ապա «Բանանցում» դրանց թիվը հասնում է ութի: Բուքմեյքերներն այս խաղում թեթեւակի առավելություն են տալիս տանտերերին, որոնց հաղթանակը գնահատել են 2,25 գործակցով: Հյուրերի հաղթանակը հավասար է 3,00 գործակցի: