Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը չկարողացան հաղթել
Մոսկվայում ընթացող շախմատի «Աերոֆլոտ Օփեն» միջազգային մրցաշարում կայացավ 8-րդ տուրը: Մրցաշարի առաջատարներ Վլադիսլավ Արտեմեւի եւ Ամին Տաբատաբեյի միջեւ կայացած պարտիան ավարտվեց առաջինի հաղթանակով: Այդպիսով, բելառուսցի գրոսմայստերը վաստակեց 6,5 միավոր եւ առաջ պոկվեց իրեն հետապնդողներից, քանի որ նրանք ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Վերջիններիս թվում են նաեւ մեր շախմատիստներ Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը, որոնք այս տուրում հաշտություն կնքեցին համապատասխանաբար Իգոր Լիսիի եւ Մաքսիմ Մատլակովի հետ: Նրանք, ինչպես նաեւ եւս յոթ շախմատիստներ, վաստակել են 5,5-ական միավոր: Վաղը կկայանան վերջին՝ 9-րդ տուրի պարտիաները: Նշենք, որ «Աերոֆլոտ Օփեն» հաղթողն իրավունք է ստանում մասնակցելու Գերմանիայում կազմակերպվող Գրենկեի խոշոր միջազգային մրցաշարին: Հավելենք նաեւ, որ մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 65 հազար եվրո եւ պարգեւատրման կարժանանան 1-30-րդ տեղերը գրաված շախմատիստները: