«Սահմանադրական հայբուդուր. արար 1». Նիկոլ Փաշինյանի ելույթը (տեսանյութ)
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հանդես գալով ելույթով, ցուցադրեց Ֆեմիդայի և 3 կմախքի նկարներ՝ ասելով, որ իրենք ուզում էին արդարադատություն, սակայն փոխարենը ստանում են դատական համակարգ, որը ոչինչ չի տեսնում, ոչինչ չի խոսում, ոչինչ չի լսում։ «Այսօր այստեղ տեղի է ունենում Սահմանադրական հայբուդուր. արար 1։ Ես ուզում էի մեր հարցադրումներով ճշտել բարձրագույն դատական խորհրդի անդամների հարաբերությունը ճշմարտության հետ։ ՀՀ արդարադատության պրոբլեմը ոչ Քրեական դատավարության օրենսգիրքն ա, ոչ Քրեական օրենսգիրքն ա, ոչ ընթացակարգերը, ոչ սանկցիան։ Պրոբլեմը մեր դատական համակարգի ճշմարտության հարաբերության մեջ ա։ Մեր դատական համակարգը ստահոդ, ճշմարտությունը կոծկող դատական համակարգ ա»,-հայտարարեց պարոն Փաշինյանը։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց՝ Ֆեմիդա շոուից հետո դժվար է բովանդակային քննարկում անցկացնել։ Պարոն Շարմազանովը հիշեցրեց Վազգեն Սարգսյանի խոսքերը՝ մենք պարտավոր չենք իրար սիրել, բայց պարտավոր ենք իրար հանդուրժել։ «Ինչքան ուզում ա մեր սիրելի ընդդիմության կարծիքն իմ դուրը գա, կամ չգա, մենք պիտի կարողանանք լսել, բայց՝ ճշմարտության մասով։ Ճշմարտությունն այնտեղ է, որտեղ կա բազմակողմանի քննարկում»,- նշեց նա։ Ըստ ՀՀԿ խոսնակի՝ թեկնածուների պարտականությունը չէ խոսել ապագա վարչապետի, Սերժ Սարգսյանի համաձայնել-չհամաձայնելու մասին։ Շարմազանովը կոչ արեց կողմ քվեարկել առաջադրված թեկնածուներին։