Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵԼՔ-ին համակրելու քաղաքական էջը այլեւս փակ է ինձ համար» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled3-11

Դատական բարձրագույն խորհրդի` իշխանական կոալիցիայի հաջորդ անդամին` Լիպարիտ Մելիքջանյանին ԱԺ-ում այսօր Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, հարց ուղղելով, կոչ արեց` որքան հնարավոր է կոնկրետ պատասխանել. «Գեւորգ Սաֆարյանը, Անդրեաս Ղուկասյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Շանթը եւ ընկերները, Հայկ Կյուրեղյանը քաղբանտարկյաննե՞ր են»: «Ուզում եմ նկատի ունենալ, որ ես պրոֆեսիոնալ իրավաբան եմ ու կարծում եմ, որ այդ անձինք կոնկրետ քրեական հանցակազմով են դատվում։ Ես քրեական իրավունքի մասնագետ չեմ ու չեմ կարող ասել դա քաղաքակա՞ն հետապնդում է, թե ոչ։ Ամբողջ աշխարհում իշխանությունը ապօիրինի զավթած անձինք դատապարտվել են։ Թե հասարակությունը, քաղաքական գործիչները նրանց գործունեություններին ինչ գնահատական կտան, դա այլ հարց է»,- հայտարարեց Լիպարիտ Մելիքջանյանը։ «Դուք միտավոր, թե հանկարծակի հաստատեցիք իմ ասածը։ Իմ թվարկած այս մարդկանց մեծ մասը բոլորովին այդ կոչերով չեն նստած։ Հայկ Կյուրեղյանը խաղալիք ատրճանակով ջուր կրակելու, իսկ Գեւորգ Սաֆարյանը` տոնածառ դնելու համար են դատվում»,-նկատեց Արարատ Միրզոյանը։ Լիլարիտ Մելիքջանյանը հայտարարեց, որ իր նպատակը դատական բարձրագույն խորհրդի կազմում ընդգրկվելն է, իսկ դատարանները պետք է առաջնորդվեն օրենսգրքերով։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, նրան հարց ուղղելով, հիշեցրեց, որ նա մեկ տարի առաջ Ելք դաշինքի հետ մասնակցել է ընտրություններին. «Հիմա ձեր քաղաքական հայացքները խոչընդոտ չե՞ն»: «Ինձ այնպիսի առաջարկ է արվել, որ իմ պրոֆեսիոնալ ունակություններից էր բխում, մանավանդ որ այդ կարողությունները ուսումնասիրելով է համապատասխան հանձնախումբը գտել, որ պետք է առաջադրվեմ այդ տեղում։ Ես որեւէ կուսակցության անդամ երբեւէ չեմ եղել։ Մեկ ամիս եմ եղել այդ դաշինքում։ Պարզապես իմ անունը ներառվեց Ելք դաշինքի ցուցակում եւ ընտրության ժամանակ իմ թեկնածությունն առաջադրել եմ Իջեւանում` իմ աջակցությունը հայտնելով պարզապես Ելք դաշինքին։ Ես բարձր եմ գնահատում նրանց, սակայն մեկ ամսում փակվել է իմ քաղաքական գործունեությունը։ Ես բոլորովին չէի արդարանում. քաղաքական հայացքներով համակրում եմ Ելք դաշինքին, սակայն քաղաքական էջը այլեւս փակ է ինձ համար»,- վստահեցրեց Լիպարիտ Մելիքջանյանը։ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նրա համար նույնպես կրկնեց նախորդ թեկնածուներին ուղղած իր հարցը Սերժ Սարգսյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրվելու, ինչպես նաեւ քաղբանտարկյալների մասին. «Դուք ներկա չեք եղել այդ հանդիպմանը, սակայն դրա կարիքը չկա, որպեսզի պարզաբանում ստանանք միայն ներկաներից, ինչպես ասաց Գեւորգ Դանիելյանը։ Մարդու հետ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ նա համարվի քաղբանտարկյալ։ Ասենք, իքս մարդուն Սերժ Սարգսյանի հրամանով բռնեցին, դատեցին, քանի որ մարդուն հնարավոր չէ առանց ՔրՕր.-ի դատել, քանի որ բնության մեջ ինքնին քաղբանտարկյալ չի լինում»: «Ես կոռեկտ չեմ համարում մեկնաբանել Սերժ Սարգսյանի խոսքերը։ Քաղբանտարկյալների պահով հնարավոր է կրնկնվեմ, սակայն դա օրենսդրի խնդիրն է` ՔրՕր.-ով այնպիսի ընթացակարգեր նախատեսեք, որ անձը իր հայացքների համար չդատապարտվի։ Ես չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր ինչ-որ մեկի հրահանգով տանել մարդուն խոշտանգել, դատապարտել։ Կներեք` ես փորձում եմ այլեւս քաղաքականության մեջ չխառնվել»,- հայտարարեց Լիպարիտ Մելիքջանյանը` ավելացնելով` Սերժ Սարգսյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրվելու հայտարարության հետ կապված. «Հայտարարությունը որեւէ իրավական հետեւանքներ չի կարող առաջացնել։ Դա ԱԺ ՀՀԿ, ՀՅԴ անելիքն է, ու նրանք իրենց գործը պատշաճ կկազմակերպեն»։