Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշիկ Ալավերդյան. «Դոպինգով բռնված մարզիկին հարկավոր է դատել» (տեսանյութ)

Սպորտ
sport-alaverdyan

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ցանկանում է, որ դոպինգ օգտագործող մարզիկները դատապարտվեն այնպես, ինչպես թմրանյութեր օգտագործող քաղաքացիները: «Շատ երկրներում արդեն գործում է նման օրենք, ըստ որի, դոպինգ ընդունած մարզիկն ու նրա մարզիչը դատապարտվում են ազատազրկման: Ինքս պատրաստվում եմ նման առաջարկությամբ դիմել մեր խորդհրդարանին: Կընդունվի նման օրենք, թե՝ ոչ, դա իրենց գործն է, սակայն կարծում եմ, որ եթե վաղուց գործեր այդ օրենքը, ապա մենք այսօր չէինք հայտնվի ներկայիս իրավիճակում», - այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց փորձառու մասնագետը: Իսկ Հայաստանի ծանրամարտը, իրոք, գտնվում է բարդ վիճակում: Նախ, ֆեդերացիան մշտապես պետք է կատարի ծանրամարտի միջազգային կոմիտեի կողմից ներկայացված 22 կետերը, որպեսզի մեր ծանրորդները մեկամյա որակազրկումից հետո կարողանան մասնակցել աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին: Ֆեդերացիան Հայաստանի առաջնությունները դեռեւս անցկացնում է օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի փոքր դահլիճում, քանի որ չունի համապատասխան տեխնիկական միջոցներ՝ խոշոր մարզադահլիճներում մրցումներ անցկացնելու համար: Բացի այդ, մեր ծանրորդները այժմ ստիպված են պայքարել մի քանի ճակատներով, քանի որ նրանք միաժամանակ հանդիսանում են եւ ազգային, եւ երիտասարդական, եւ պատանեկան հավաքականների անդամ: «Առանց դեղամիջոցներով մարզվելու համար մեզ պետք է կատարել ոսկերիչի աշխատանք, այսինք, ամեն ինչ պետք է կատարյալ արվի, հակառակ դեպքում մեր պատրաստած մատանին պիտանի չի լինի», - առաջիկա անելիքների մասին ասաց գլխավոր մարզիչը: Իսկ առաջիկայում մեր ծանրորդներին սպասվում են մի քանի լուրջ մրցումներ: Պատանիները պայքարելու են օլիմպիական խաղերի ուղեգրերի համար, իսկ երիտասարդները վիճարկելու են Եվրոպայի մեդալները: Նոյեմբերին մեծահասակների մեր հավաքականը մասնակցելու է աշխարհի առաջնությանը, որը նաեւ 2020 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է: