4 ոստիկանի մոտ է եղել չերյոմուխա, գիտենք իրենց անուն-ազգանունները. Սարգիս Քլոյան (տեսանյութ)
ԱԺ-ում «2008թ. մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ» խորհրդարանական լսումներին ելույթ ունեցավ մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը` հայտարարելով, որ իրենց պահանջը բացարձակ կապ չունի քաղաքականության հետ, այլ ուզում են հասկանալ, թե ով հրաման տվեց ու սպանեց իրենց երեխաներին, թե ինչու պատասխանատվության չեն ենթարկվել ոչ հրաման տվողները, ոչ կատարողները։ Նա մի պահ հուզվեց, ընդհատեց ելույթը, ապա` շարունակեց` մեջբերելով նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի վերջին հարցազրույցի խոսքերը, թե մարտի մեկի շատ մասնակիցներ ուղղակի չեն հիշում շատ մանրամասներ. «Պարոն Կոստանյան, եթե անցներ մի քանի տարի, դուք էլ չեք հիշի, թե ինչ է տեղի ունեցել։ Սա ինչ խոսքեր են։ Հիմա, թե ինչ եմ ես տեսել մարտի մեկին` որպես մասնակից. մոտավորապես 500 սադրիչ, որ ջարդում էին միայն Մոսկվայի տունը, որ ցույց տան, թե հակառուսական տրամադրություններ են։ 3 քաղաքացի զոհվել են չերյոմուխայից` ուղիղ նշանառությամբ։ 4 ոստիկանի մոտ է եղել այդ զենքը։ Մենք գիտենք այդ ոստիկանների անուն-ազգանունները։ Նրանք չեն քննվել, բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես, անմիջական կատարողները։ ՀՔԾ-ն քննում է միայն շարքային քաղաքացիներին. նրանք ինչ իմանան նման հեռավորությանվրա ով՝ ում վրա է կրակել»։ Նա թվարկեց բոլոր նրանց անունները, որոնք այս ընթացքում աջակցել են իրենց` Նիկոլ Փաշինյան, Արտակ Զեյնալյան, ՀԱԿ. «Դիմում եմ ՀՀ իշխանություններին` հույս չունենաք, թե մենք հետ ենք կանգնելու. ամեն ինչ անելու ենք, որ մեղավորները պատժվեն»։ Ի դեպ, Վարդգես Գասպարիին, ի վերջո, թույլ տվեցին ներկա լինել նիստին։ Նա հիմա նիստերի դահլիճում է։