Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն ունի անհրաժեշտ 26 ստորագրությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov

ՀՀԿ խմբակցությունն արդեն ունի պատգամավորների ¼-ի ստորագրությունը՝ ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ներկայացրած թեկնածու Արմեն Սարգսյանին առաջադրելու համար: «Ստորագրել են ՀՀԿ եւ ՀՅԴ պատգամավորները: Ստորագրահավաքը դեռ ընթանում է: Մեզ անհրաժեշտ է 26 ստորագրություն... որեւէ խնդիր չկա: Վաղը մենք ամբողջ ընթացակարգը կավարտենք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:             Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները միասին ունեն 65 պատգամավոր եւ, ըստ էության, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների ստորագրությունների կարիքը չեն ունենա: «Ծառուկյան» խմբակցությունն իր հերթին դեռ հստակ որոշում չունի՝ ինչպես են քվարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը: Ամեն ինչ պարզ կդառնա մինչեւ շաբաթվա վերջ, երբ կհանդիպեն Գագիկ Ծառուկյանի հետ: «Պարոն Ծառուկյանը բոլորիս դիրքորոշումները կլսի, որոշում կկայացնի: Տարակարծություններ կան մեր տարբեր մասնագետների կողմից: Հավանաբար, պարոն Ծառուկյանը որոշակի կոնսոլիդացիաների արդյունքում մեզ կբացատրի որոշ բաներ, քանի որ այդտեղ կա նաեւ քաղաքական ասպեկտ»,- մեզ հետ զրույցում նշեց  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:                Սերգեյ Բագրատյանը, լինելով տնտեսագետ, չի հավանում Արմեն Սարգսյանի մոտեցումները տնտեսության վերաբերյալ. «Հավանաբար, հանրապետությունից իր բացակայությունն է պատճառը, որ տնտեսության խնդիրներին ամբողջովին չի տիրապետում: Սակայն չի բացառվում, որ այդ պատասխանն ավելի շուտ դիվանագիտական պատասխան էր՝ հաջորդ հարցը կանխելու նպատակով»: Արմեն Սարգսյանին մեկ ամիս պահանջվեց որոշում կայացնելու համար՝ ուզո՞ւմ է արդյոք լինել ՀՀ նախագահի թեկնածու, թե ոչ: Նա ՀՀ նախագահի միակ թեկնածուն է, քանի Ելք խմբակցության ներկայացրած Արտակ Զեյնալյանի թեկնածության համար անրհաժեշտ ստորագրությունների քանակը չապահովվեց, որի ակնկալիքը կար «Ծառուկյան» խմբակցությունից: «Արտակ Զեյնալյանի թեկնածությունն ընդհանրապես չենք քննարկել. շատ հարգում ենք Արտակ Զեյնալյանին, սակայն քանի որ մեր՝ ընդդիմության ձայները քիչ են, հետեւաբար դա ավելի շատ կարող է ունենալ ֆորմալ բնույթ առաջադրումը, ու չենք քննարկել: Ես ավելի կողմնակից եմ փոքր հաղթանակաների տակտիկային, քան պարտությանը, այսինքն՝ եթե ի սկզբանե գիտես, որ այդ գործընթացում պարտվելու ես, այդքան էլ ճիշտ չէ ժողովրդի մոտ այդ կերպարով հանդես գալ»,- նկատեց Սերգեյ Բագրատյանը:               Մինչ այդ, ԱԺ «Ելք» խմբակցության իրավաբանները պատրաստել են ՍԴ դիմում, որով պահանջում են հակասահմանադրական ճանաչել ԱԺ կանոնակարգի այն դրույթները, որոնցով Հանրապետության նախագահին ընտրելու է Ազգային ժողովը։ Առաջարկվում է երկրի 4-րդ նախագահի ընտրություններն անցկացնել համաժողովրդական քվեարկությամբ։ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է ԱԺ  21 պատգամավորի ստորագրություն: «Ես համոզված եմ՝ եթե լիներ իրավաբանական խնդիր, ապա մեր կուսակցության  իրավաբանները, Սահմանադրական դատարանի մեր գործընկերները կասեին: Հաշվի առնելով այն, որ սկսելով այս գործընթացը, մեր կուսակցության իրավաբաններից ոչ Դավիթ Հարությունյանից, ոչ Արփինե Հովհաննիսյանից, ոչ Հրայր Թովմասյանից, ոչ Գեւորգ Կոստանյանից չեմ լսել, որ այստեղ կա իրավական որեւէ խնդիր»,- վստահեցրեց Էդուարդ Շարմազանովը:             Էդուարդ Շարմազանովի տեղեկացմամբ՝ փետրվարի 27-մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում իրենք  ԱԺ-ին կներկայացնեն ՀՀ նախագահի թեկնածուին: Ելույթներից, հարցուպատասխաններից հետո կլինի փակ քվեարկություն: Առաջին փուլում հաղթելու համար իշխանական կոալիցիային անհրաժեշտ է 79 ձայն: