«Էստերսունդի» նախագահը խոստացել է պայքարից դուրս բերել «Արսենալին»
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ մտած միակ անգլիական թիմը՝ Լոնդոնի «Արսենալը», այսօր կհանդիպի «Էստերսունդի» հետ, որը մարզում է մրցաշարի միակ անգլիացի մարզիչը՝ Գրեմ Պոտերը: Շվեդական ակումբը, որն առաջին անգամ է հանդես գալիս եվրոգավաթներում, պարզապես զարմացնում է իր ցույց տված խաղով ու արդյունքներով: «Էստերսունդը» մրցաշարը սկսելով որակավորման փուլում, պայքարից դուրս է բերել փորձառու «Գալաթասարային» ու ՊԱՕԿ-ին: Խմբային փուլում Գրեմ Պոտերի սաները առաջ անցան գերմանական «Հերտայից» ու ուկրաինական «Զարյայից» եւ միայն լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղը զիջեցին իսպանական «Աթլետիկին»: Հարկ է նշել, որ «Էստերսունդը» սեփական դաշտում միայն չի հաղթել իսպանական ակումբին, որը 89-րդ րոպեին խփած գոլի հաշվին խույս է տվել պարտությունից: «Մենք, իհարկե, կհաղթենք «Արսենալին»: Ես տեսնում եմ, թե ինչ մարզավիճակում են մերոնք, ինչ՝ նրանք: Երբ ես ասում էի, որ հաղթելու ենք «Գալաթասարային», բոլորն ինձ խենթի տեղ էին դնում: «Էրստերսունդը» կհաղթահարի ագլիական արգելքը: Մեր նպատակն է հասնել մինչեւ եզրափակիչ», - խաղից առաջ այսպես է ասել շվեդական ակումբի նախագահ Դանիել Կինդբերգը: Արդյոք Գրեմ Պոտերին կհաջողվի իրականություն դարձնել ակումբի նախագահի «խենթ» երազանքը, ցույց կտան առաջիկա խաղերը: Նշենք միայն, որ «Էստերսունդը» դեռեւս հիմնադրված չի եղել, երբ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն արդեն աշխատում էր անգլիական թիմում: Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի «Էստերսունդ» - «Արսենալ» խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին: