Հանրային խորհրդի նախագահին կհաստատի վարչապետը (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկմանը Արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանն իր ելույթում նշեց, որ նախագծով սահմանվում են խորհրդի լիազորությունները, այն է՝ կառավարման հարցերում հասարակության ներգրավվածությունը, խորհրդի կազմավորման կարգը. «Գործող խորհրդի կազմը բաղկացած է 36 անդամից, ներկա նախագծով առաջարկվում է 45-ը: Գործող օրենքով նախատեսվում է, որ անդամ կարող է լինել 18 տարին լրացած անձը, սակայն նախագծով չափանիշներն ավելի ենք բարձրացրել ու սահմանել, որ անդամ կարող է լինել 25 տարեկան անձը՝ պետությանը ծառայություններ մատուցած՝ հանրային կամ իր մասնագիտական ոլորտում, հեղինակություն վայելող: 12 ոլորտային հանձնաժողովների փոխարեն կլինեն 15-ը: Հեշտացրել ենք արտահերթ նիստեր անցկացնելու կարգը: Խորհրդի նիստերը պետք է անցկացվեն ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ, գործողով՝ 3 ամիսը մեկ անգամ էր: Խորհրդի նիստերը դռնբաց են: Հանրային խորհդի ֆինանսավորումը լինելու է բյուջետային հայտում՝ բյուջեում լինելով առանձին տող: Հանրային խորհրդին աջակցելու է նաեւ Հանրային գրասենյակը, որը Կառավարությանն առընթեր գրասենյակի կարգավիճակ ունեցող մարմին է»: Կառավարության կողմից ներկայացված ներկայացուցիչները կընտրվեն վարկանիշային, գաղտնի ընտրությամբ: Խորհրդի նախագահին կհաստատի վարչապետը: