«Նշանը դնելիս հաշվի է առնվում, թե տվյալ տեղում ՀՀԿ-ականներն ունե՞ն բենզակալոնկա, խանութներ»
ԱԺ նիստում այսօր սկսեց քննարկվել «Տրասեկա մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: Այն ներկայացնում է Տրանսպորտի, կապի եւ ՏՏ ոլորտի նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը: Նա նշեց, որ համաձայնագիրը ՀՀ կողմից ստորագրվել է միայն մասնակից երկրներից Ադրբեջանի հետ կապված՝ առարկությամբ: Համաձայնագրով նախատեսվում է երկու տարբեր տրանսպորտային միջոցների բեռնափոխադրում մասնակից երկրներում՝ փոխադրող օպերատորների կողմից՝ պայմանագրով՝ ստանձնելով ամբողջական պատասխանատվություն բեռնափոխադրման համար: Համաձայնագիրը հայկական կողմի համար ֆինանսական որեւէ պարտավորություն չի նախատեսում: «Ճանապարհային նշանների ու ազդանշանների մասին» կոնվենցիան՝ կից առարկությամբ, վավերացնելու մասին նախագծով էլ առաջարկվում է դյուրացնել միջազգային ճանապարհային երթեւեկությունն ու մեծացնում անվտանգությունը: Ադրբեջանի հետ կապված կոնվենցիան վավերացվել է վերապահումով: «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, հարց ուղղելով նրան, նշեց, որ պետք է ճանապարհային նշանների գույքագրում արվի. «Այլապես, ռուսական հեքիաթի սցենարն է դառնում՝ չգիտենք՝ աջ գնանք, ձա՞խ, թե ուղիղ, քանի որ նշաններ չկան: Ես ստացել եմ մի շարք ահազանգեր, որ այնտեղ, որտեղ պետք է կատարվի շրջանցում, այդ նշանը դնելիս հաշվի է առնվում, թե տվյալ տեղում իշխող կուսակցության ներկայացուցիչներն ունե՞ն բենզակալոնկա, խանութներ, թե ոչ, եւ այդ նպատակահարմարությունից ելնելով է շրջանցման նշանը դրվում, որ շրջանցեն ու կանգնեն ուղիղ տվյալ բենզալցակայանի կամ խանութի առջեւ»: Գագիկ Գրիգորյանը նշեց, որ Ադրբեջանը վերապահումով է վավերացրել, քանի որ հայտարարել է, թե «ՀՀ կողմից օկուպացված տարածքներում հնարավոր չէ իրականացնել կոնվենցիան». «ՀՀ-ն իր հերթին իր առարկությունն է ներկայացրել Ադրբեջանի այս հայտարարությանը»: Ինչ վերաբերում է շրջանցման նշաններին, ապա պարոն Գրիգորյանը նշեց, որ գույքագրում ամեն տարի է արվում. «Իսկ շրջանցումները կատարվում են միայն Կառավարության որոշումներով, այլ շրջանցում չի կարող լինել»: