Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԵՊՀ-ում
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Երևանի Պետական Համալսարանում հանդիպել է պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ինչպես նաև փակ քննարկում է ունեցել գիտխորհրդի անդամների հետ: ինֆորմատիկայի և կիրառական մաթեմաթիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը նշում է, որ Արմեն Սարգսյանը դեռ վերջնական որոշում չի կայացրել. «Ինքը դեռևս որոշում չունի, բայց պիտի ասեմ, որ համալսարանականներից շատերը անթաքույց դիմեցին և խնդրեցին, որ ինքը տա իր համաձայնությունը»: «Նա չէր եկել որպես նախագահի թեկնածու, ինքը եկել էր որպես համալսարանական, ինքը դեռ թեկնածու չի, իրեն արվել է առաջարկ, նա դեռ մտածում է», ասում է Վահրամ Դումանյանը: Հանդիպումն անցել է փակ ֆորմատով։ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշում է՝ Արմեն Սարգսյանն է խնդրել, որ այսօր հարցազրույց չտա. «խոստացավ, որ անպայման ինքը լրատվության միջոցների առաջ մեծ ելույթ ունենալու է, էս քանի օրը անցնի, դրանից հետո, այսօր խնդրեց ուղղակի սահմանափակել և ժամանակ տալ իրեն, որ այդ հանդիպումը չլինի»: Գիտխորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ, Սարգսյանն անդրադարձել է կրթական և բնապահպանական խնդիրներին. «Անդրադարձ եղավ կրթության մասին օրենքի նախագծին, նա քաջատեղյակ էր գիտության և կրթության խնդիրներից, ինչպես նաև բնապահպանական հարցերից, մասնավորապես շատ կարճ ներկայացրեց Արամ Աբրահամյանին տված հարցազրույցի այն հատվածը, որը վերաբերում էր Ամուլսարին»- նշում է Արամ Սիմոնյանը: Արմեն Սարգսյանը խոսել է նաև Սփյուռք- Հայաստան կապերի և ներդրումային ծրագրերի մասին. «Բավականին երկար խոսեց Սփյուռք- Հայաստան կապերի, սփյուռքահայության դերի նշանակության, ազգային արժեքներով երիտասարդներ դաստիարակելու խնդիրներից, ներդրումային քաղաքականությանը, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի և եվրոպական այլ երկրների կողմից ներդրումների հնարավորության մասին, այդպիսի ներդրումներ բերելու համար պայմանների մասին»: ՀՀԿ-ի թեկնածուն անդրադարձել է նաև ֆինանսական համակարգի և արտաքին քաղաքականության հաջողություններին. «Խոսեց գովեստով՝ մեր ֆինանսական համակարգի մասին և արտաքին քաղաքականության վերջին տարիների հաջողությունների մասին, մասնավորապես օրինակ բերելով ֆրանկոֆոն երկրների գագաթնաժողովը, որը ինքը համարեց շատ մեծ հաջողություն»: Հիշեցնենք, որ քաղաքական և գիտական էլիտայի հետ հանդիպումներից հետո, Արմեն Սարգյանը վերջնական որոշում է կայացնելու: